Աննան այդպես էլ չջնջեց գրառումը

Աննան այդպես էլ չջնջեց գրառումը

Նախօրեին Աննա Հակոբյանը հերթական գրառումն էր արել, որով հերթական անգամ վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել զոհված զինծառայողների ծնողների հասցեին:

Նրա թիրախում, ինչպես միշտ, զոհված զինծառայողների մայրերն էին, որոնց սույն տիկինը կոչ էր անում «դադարեցնել սուգն ու վայնասունը, լացն ու կոծը, անհիշելի ժամանակներից դատարկ լոզունգ դարձած ինքզինքը ձոներն ու փառաբանումները, մեզ կառավարող, մեր վախերի վրա կազմած քաղաքական բանաձեւերի շրջանառությունը, փուչ բաժակաճառերը՝ դրանք երբեք չե՛ն բերել մխիթարություն, երբեք չե՛ն մեղմացրել ցավը, չե՛ն սքողել մեղավորությունը եւ չե՛ն փոխել իրականությունը»: Նաև իրենց որդիների մահվան երկրորդ տարելիցի այս օրերին վարդագույն հագուստներով տիկինը սգացող մայրերին ասում է. «Մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն.... »:

Մենք վաղուց արդեն հասկացել ենք, որ Աննա Հակոբյանը նման գրառումներ միտումնավոր է անում, ամեն անգամ ալեկոծելով ցավի ու դառնության ալիքը, ամեն անգամ ի ցույց դնելով այն հանգամանքը, որ ինքը՝ չորս երեխաների մայր ու կին, չի ցավում ողբերգության համար, որը պատել է հայ ազգին իր ու իր ամուսնու պատճառով: Այո՛, թիվ մեկ պատասխանատուն իրենք են, բայց և իրենք են, որ ամեն անգամ կոչ են անում մոռանալ սուգը, անցնել առաջ: Ասել է թե՝ խաչ քաշել կատարվածի վրա ու ապրել երջանիկ, նոր երգեր ու բաժակաճառեր հորինելով:

Ի վերջո, սույն տիկինը իր ցանկություններում գուցեև անկեղծ է՝ հայ ժողովրդի դարավոր թշնամիների հետ խաղաղության դարաշրջանի ջատագովը հստակ գիտակցում է, որ եթե, Աստված չարասցե, այդ դարաշրջանը դառնա իրականություն, ապա բաժակաճառերն ու երգերը ինքնաբերաբար կփոխվեն, այդ թվում նաև դրանց լեզուն: Ինքը, վստահ ենք, հստակ գիտակցում է, որ խաղաղության դարաշրջանի իրականություն դառնալը նշանակում է հայ ժողովրդի բնաջնջում, և թուրք-ադրբեջանական տանդեմը հայ ինքնությունից, մշակույթից ոչինչ չի թողնի: Ու շատ կարճ ժամանակում:

Դրա վկան ենք արդեն երկու տարի. Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցու ձեռքը, որը վերջապես հասավ մեր եկեղեցիներին, խաչքարերին, մատուռներին ու քարերին, որոնք ևս կրում են հայկական ինքնության դարավոր հետքերը, այդ ձեռքը կարծես ջնջոցով, շտապելով ջնջում է մեր հետքը: Այս ամենը կատարվում է աշխարհի լռության ու անտարբերության ներքո, այնպես որ խաղաղության դարաշրջանում մեր ապագան ևս սա է լինելու՝ ոչ մեկին հետաքրքիր չի Հայաստանը, հայ ազգը, նրա պատմությունը:

Աննա Հակոբյանն իր այս ակտիվությամբ, հավանաբար, նաև քաղաքական հայտ է ներկայացնում… Բայց քաղաքական կարիերայի ճանապարհին նա հստակ, ընդգծված ցավեցնում է զոհված զինծառայողների մայրերին, կարծես ամեն անգամ ի ցույց դնելով այն, որ «ինչ ուզի, նա էլ կանի» և որևէ մեկը չի կարող իրեն որևէ բան ասել: Ցավալի է, բայց դա այդպես է:

Ակնհայտ է, որ Աննա Հակոբյանը շարունակելու է նույն ոճով, առաջիկա օրերին ևս կձոնի հերթական օպուսը «լացն ու կոծը, սուգը դադարեցնելու մասին», այս անգամ էլ ծնողները կալեկոծվեն, կզգան իրենց նսեմացված, ուժ ու հանգստություն կփորձեն գտնել իրենց որդիների շիրիմներից, դարձյալ կդառնան նրա թիրախը... ցավալիորեն՝ պարզ չի, թե որքան ժամանակ է այդպես շարունակվելու: Եվ դա է ամենից ցավալին:

Հ.Գ. երեկ ծնողներից մի քանիսը հորդորել էին Աննա Հակոբյանին ջնջել այդ գրառումը, զոհված զինծառայողի հայրը, ում կնոջ լուսանկարը հրապարակել էր Փաշինյանի կինը, ինչպես հասկացանք՝ առանց վերջինիս թույլտվության, պահանջել էին “չմտնել իրենց ընտանիք” ու հեռացնել լուսանկարը: Բայց, հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես և սպասելի էր՝ գրառումն էլ, լուսանկարն էլ սույն տիկնոջ կողմից չեն հեռացվել ու չեն էլ հեռացվելու:

Լիա Խոջոյան