Բայդենը չի բացառել Սաուդյան Արաբիա մեկնելու հավանականությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ մոտ ժամանակներս Սաուդյան Արաբիա կայցելի, սակայն ընդգծել է, որ այս հարցում վերջնական որոշում դեռեւս չի կայացվել: «Այս պահին հստակ ծրագրեր չունեմ։ Հնարավոր է, որ մեկնեմ տարածաշրջան եւ հանդիպեմ ինչպես իսրայելցիների, այնպես էլ արաբական որոշ երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում, ինչպես ես ակնկալում եմ, նաեւ Սաուդյան Արաբիայի: Սակայն այս պահին հստակ ծրագրեր չունեմ»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը՝ Դելավերում պատասխանելով լրագրողների հարցերին։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Սաուդյան Արաբյան «վտարված պետություն» է` Բայդենը նշել է, որ մարդու իրավունքների մասին իր կարծիքը չի պատրաստվում փոխել, սակայն, որպես Միացյալ Նահանգների նախագահ, խաղաղություն հաստատելը իր գործն է, եւ դա այն է, ինչն էլ նա պատրաստվում է անել: Բայդենը նշել է, որ ցանկանում է տեսնել, որ ԱՄՆ-ն նվազեցրել է Իսրայելի եւ արաբական պետությունների միջեւ պատերազմի հավանականությունը: Երեկ The New York Times-ը նշել էր, որ ԱՄՆ-ի նախագահը որոշել է այս ամիս Սաուդյան Արաբիա մեկնել եւ առաջին անգամ հանդիպում ունենալ գահաժառանգ Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ` երկու պետությունների միջեւ հարաբերությունները վերականգնելու նպատակով: