ՀՀ-ի ղեկավարությունը Արցախում բնակվող հայերի կարծիքը բացահայտ հաշվի չի առնում․ Մետաքսե Հակոբյան

ՀՀ-ի ղեկավարությունը Արցախում բնակվող հայերի կարծիքը բացահայտ հաշվի չի առնում․ Մետաքսե Հակոբյան

Բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո, երեկ Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ գտնվում են պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև։ Մեջբերեմ՝ «Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը»: Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

-Տիկին Հակոբյան, ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության այս դիրքորոշումը, ի՞նչ մտահոգություններ եք տեսնում։

-Միջազգային դիրքորոշումը և՛ տեսակետները, չգիտես ինչու, հանրության, բոլորիս համար ակնհայտ դարձավ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին արված հայտարարություններից հետո, երբ խոսեց միջազգային հանրության ճնշումների մասին, նշեց, որ եթե նախկինում կարգավիճակից բխում էր Արցախի անվտանգությունը, ապա հիմա պետք է անվտանգությունից բխի կարգավիճակը, այսինքն, փաստացի ՀՀ վարչապետը հայտարարեց, որ անվտանգության պայմանով կորոշենք կարգավիճակը։ Ինչի դիմաց Ադրբեջանը, բնականաբար, պետք է նրան խոստումներ տա, որ արցախահայությունը Արցախում կապրի որպես ազգային փոքրամասնություն, բայց Ադրբեջանի կազմում։ Հենց այստեղից է գալիս միջազգային հանրության դիրքորոշումը՝ բանակցային ուղեգիծը թեքվել է, մեր դեմ է, մեզ է վնասում և սա արվել է ՀՀ ներկայիս իշխանության թեթև ձեռքով։ Մեր մտահոգությունները նոր չեն։ ՀՀ-ի իշխանությունները մինչև 2018 թվականը ունեցել են հստակ բանակցային գործելաոճ, դիվանագիտություն, ազգանպաստ դիրքորոշումներ, սակայն այս իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին հաճելի լինելու համար։ Բանակցային գործընթացում այլևս չկա հայանպաստ դիրք, փոխարենը՝ Ադրբեջանն է բարձր դիրքերում։

- Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ այս ամենը վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին: Ստացվո՞ւմ է, որ միջազգային հանրության ասած նշաձողն ենք քիչ-քիչ իջեցնում, եթե այո, ապա ինչո՞ւ հաշվի չեն առել արցախահայերի կարծիքը։

-Ես կասեի՝ նրանք ամբողջությամբ են ձախողել։ Արդեն կասկած է առաջանում՝ արդյո՞ք միջազգային հանրությունը նշաձող իջեցնելու առաջարկ է ներկայացրել, որովհետև որևէ տեղ չենք տեսել նույնիսկ նման ակնարկ։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշում է արցախահայության ճակատագիրը։ Արցախում բնակվող հայերի կարծիքը բացահայտ ՀՀ-ի ղեկավարությունը հաշվի չի առնում, չնայած ներկայացնում են, որ համագործակցություն կա․ չկա նման բան, չկա համագործակցություն ԱԺ-ների միջև։ Այն, ինչ ներկայացվում է, պարզապես ֆիլմ է, որպեսզի ժողովրդի զգոնությունը թուլանա։

-Արցախի ԱԺ-ն պահանջում է նաև, որ նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարի։ Ի՞նչ պետք է սպասել այդ նիստից։

-Գործուն քայլեր են պետք։ Այսինքն, Արցախի և՛ իշխանությունները և՛ Անվտանգության խորհրդը հստակ գործողությունների պլան պետք է ունենա բոլոր դեպքերի համար։ Մենք այլևս հնարավորություն չունենք ֆորսմաժորային իրավիճակներում արագ ելքեր գտնելու, մենք պետք է նախապես ծրագրած ունենանք մեր քայլերը, որովհետև հիմա ԱՀ-ի և ՀՀ-ի գործընկերային հարաբերություններն արդեն չորս տարի է չկան, Արցախի իշխանությունը պետք է կարողանա պատասխանատվություն կրել երկրի անվտանգության, բանակցային գործընթացում իր դերակատարության համար։

-Առարկայական ինչ քայլեր եք նախատեսում, քանի որ խնդիրն օրհասական է։

-Առարկայական քայլերը մի փոքր դժվար է Արցախում իրականացնել, որովհետև ամեն ինչից զրկված ենք։ Նախկինում մեր բարձրախոսը ՀՀ իշխանություններն էին և մենք մեր առարկայական քայլերը միասին էինք կյանքի կոչում, հիմա այդ հնարավորությունը չկա, մենք մենակ ենք մնացել, չնայած որ, Հայաստանում ապրող մեր հայրենակիցները մեզ հետ են, նույն խնդրի առաջ ենք կանգնած։ Մենք պետք է դիտարկենք Դիմադրության շարժումը, որն այսօր մեծ թափ է հավաքում ՀՀ-ում, սա պետք է լինի միասնական հայի շարժում և Արցախում ապրող հայերի մեծամասնությունն ամեն կերպ սատարում է շարժմանը։ Մենք արձանագրում ենք, որ սա Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին չէ, այլ հայկական երկու պետությունների, Սփյուռքի խնդիրն է և հանուն դրա պետք է ազգովի պայքարեն։ Պատերազմից հետո ակնհայտ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունը չի պատրաստվում իր գծագրած քայլերից հետ կանգնել։ Ուստի, միանշանակ, պետք է ազատվել այս իշխանություններից։

Լիաննա Թորոսյան