«Մորս ու քրոջս համար վախենում եմ»․ ի՞նչ է պատմել պատգամավորներին ՔՊ-ականին «վիժվածք» անվանած Սամվելը

«Մորս ու քրոջս համար վախենում եմ»․ ի՞նչ է պատմել պատգամավորներին ՔՊ-ականին «վիժվածք» անվանած Սամվելը

Երեկ հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած Սամվել Վարդանյանին ՔԿ-ից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին ծեծի են ենթարկել ու ահաբեկել։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա տեղեկացրել էր նաև, որ այսօր Սամվելին այցելել են երկու պատգամավորներ, որոնք և իրեն տեղեկացրել են այդ մասին։ 

MediaHub-ը պարզել է, որ երիտասարդին այցելած պատգամավորներից մեկը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն է։ Վերջինս մեզ հետ զրույցում այլ մանրամասներ ևս հայտնեց։

Այսպես, պատգամավորը տեղեկացրեց, որ երիտասարդի տաբատին առկա են եղել կանաչ հետքեր, այսինքն՝ տեսանելի է եղել, որ նրան գետնին են գցել, և այդտեղ էլ հագուստը կեղտոտվել է։

«Ինքը մեզ պատմեց, որ ՔԿ-ից ՁՊՎ գնալու ճանապարհից երկու ուղեկցողներն իջել են մեքենայից՝ բնական կարիքները հոգալու։ Այդ ընթացքում դիմակավորված 4-5 անձինք մոտեցել են մեքենային, իրեն դուրս բերել ու դաժան ծեծել։ Ընթացքում հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ։ Ասել են, որ «եթե շարունակես նման բաներ անել, կկրկնվի այս ամենը»»,- պատմեց պատգամավորը։

Արման Ղազարյանի խոսքով՝ տղան ընկճված է եղել։

«Ասում էր՝ «իմ մասին չեմ մտածում, բայց մորս ու քրոջս համար վախենում եմ»»,- ներկայացրեց պատգամավորը։

Նա նշեց, որ Սամվելին իրենց այցից հետո տանելու էին դատաբժշկական փորձաքննության։

Նարե Գնունի