Տոնական զեղչեր. ինչպե՞ս են տնտեսվարողները մոլորեցնում սպառողներին, ինչպե՞ս չխաբվել

Տոնական զեղչեր. ինչպե՞ս են տնտեսվարողները մոլորեցնում սպառողներին, ինչպե՞ս չխաբվել

Այսուհետ զեղչը կիրառվում է ոչ թե նախորդ օրվա գնի նկատմամբ, այլ վերջին մեկ ամսվա ընթացքում ապրանքի միջին գնի նկատմամբ: Եվ սա լավ լուր է բոլոր սպառողների համար, որոնք սպասում են տոնական օրերին զեղչով ցանկալի ապրանքը գնելու համար:

Այս թեմային է «Իրազեկ սպառող» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակում անդրադարձել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Եվ այսպես, ինչպե՞ս պաշտպանվել կեղծ զեղչերից, հատկապես տոնական օրերին, ի՞նչ է պետք իմանալ մարկետինգի զոհ չդառնալու համար: 

«Տնտեսվարողը պարտավոր է տրամադրել տեղեկություն, թե որ գնի նկատմամբ է զեղչը: Զեղչի վերաբերյալ հայտարարություններն էլ պետք է լինեն ընթեռնելի, այսինքն, եթե ամբողջ ամսվա ընթացքում ապրանքի գինը եղել է 10,000 դրամ, իսկ հիմա զեղչը հաշվարկում են 12,000-ից, ապա կարող եք այդ մասին ահազանգել սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպություններին և լիազոր մարմնին: Սա խախտում է, որի համար տնտեսվարողը պետք է ենթարկվի պատասխանատվության»,- ասաց Պիպոյանը:

Ի՞նչ պետք է իմանալ: Այն, որ, օրինակ, խանութն այլևս իրավունք չունի հայտարարել 90% զեղչ, բայց խանութում հայտնաբերվի, որ ընդամենը մեկ ապրանքի համար է նախատեսվում այդ զեղչը: Ըստ Պիպոյանի, առնվազն ապրանքների 1/5-ը կամ 20%-ը պետք է լինի զեղչված այդ չափով, որպեսզի տնտեսվարողը նման հայտարարություն անի: 

«Անկախ նրանից՝ ապրանքը զեղչված է, թե զեղչված չէ, սպառողը օգտվում է այն իրավունքներից, որոնք ամրագրված են, այն է՝ ապրանքի վերադարձ կամ փոխանակում: Այն ձևակերպումները, թե ապրանքը զեղչված է, այն չեն կարող հետ ընդունել, ընդունելի չեն: Բայց եթե դուք այդ ապրանքը ձեռք եք բերել էժան, իսկ վերադարձի պահին այն արդեն թանկացել է, ապա չի նշանակում, որ խանութը ձեզ ավել գումար է վերադարձնելու: Պահե՛ք ՀԴՄ կտրոնները»,- նշեց Պիպոյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: