Եղծահողի հյուսիսն ու հարավը ռուս խաղաղապահներն են հսկում․ գյուղապետ

Եղծահողի հյուսիսն ու հարավը ռուս խաղաղապահներն են հսկում․ գյուղապետ

Գյուղում հիմա հանգիստ է, նոր բան չկա, շարունակում ենք շրջափակման մեջ մնալ, սննդի պաշարի խնդիր չունենք։ Այս  մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Եղծահողի համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ ադրբեջանցի, իբրև թե, բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները:

«Խուճապ չկա, սպասողական վիճակում ենք։ Եղել են բնակիչներ, որ Գորիսից կարողացել են գալ, բայց Արցախից ոչ մեկ չի կարողացել գյուղ հասնել։ Գյուղի մեջ խաղաղապահներ չկան, բայց հյուսիսն ու հարավը ռուս խաղաղապահներն են հսկում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել է, թե Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս:

Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի։

Լիաննա Թորոսյան