Մանե Թանդիլյանը մեկնարկեց քարոզարշավը

Մանե Թանդիլյանը մեկնարկեց քարոզարշավը

Ըստ ամենայնի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում ևս մեկ թեկնածու է ուրվագծվում: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախագահ Մանե Թանդիլյանը ևս լծվեց քաղաքային իշխանություններին քննադատելու սուրբ գործին:

Նա գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է.

«Չարենցն ասում էր՝ «Նա տեսել է, երևի, արևային մի քաղաք․․․» բայց այսօր, ցավոք սրտի, այն ապականել և դարձրել են մի քաղաք, որը քիչ աղերս ունի հանճարեղ Թամանյանի պատկերացրածի հետ: 
Այն, ինչ մայրաքաղաքի հետ արվեց վերջին տասնամյակներում, չէր կարելի պատկերացնել անգամ վատ երազում: 
Մենք այլևս չպետք է թույլ տանք, որ մեր մայրաքաղաքը դասվի հերթական «դժբախտ և դժգույն» քաղաքների շարքին: 
Երևանը պետք է լինի ԱՊՐԵԼՈՒ քաղաք: ԱՊՐԵԼՈՒ ՔԱՂԱՔ` ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿՐՈՒՄ»:

MediaHub-ի տեղեկություններով, Մանե Թանդիլյանը Երևանի ավագանու ընտրություններում լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորողը, այսինքն՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն: Այսինքն՝ ևս մեկ կին, որ պատրաստվում է պայքարել այս կարևորագույն պաշտոնի համար: Թեև, հիշեցնենք, Մանե Թանդիլյանը ծնունդով Լոռու մարզից է:

Առհասարակ, նկատելի է, որ Մանե Թանդիլյանը վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում, հաճախակի ստատուսներ գրում, իր կարծիքն արտահայտում այս կամ այն երևույթի վերաբերյալ: Նա, հատկապես, սերմանում է այն գաղափարը, որ կանայք քաղաքականության մեջ կարող են լինել ու կարող ուժ են:

Ֆեյսբուքյան իր էջում նա մեկ Մարգարետ Թեթչերին է ցիտում, մեկ գրում, որ՝ «Միշտ այն կարծիքին եմ եղել, որ առանձնապես կարիք չկա մեր երկրում որևէ մեկին ապացուցելու, որ կանայք ի վիճակի են բոլոր ոլորտներում լրջագույն հաջողությունների և բարձունքների հասնել, և որ կանանց կարելի է վստահել պատասխանատու դիրքեր ցանկացած ոլորտում»։ 

Իհարկե, ազնվության համար նշենք, որ Մանե Թանդիլյանը նոր չդառավ «կանայք քաղաքականության մեջ» գաղափարի ջատագովը, բայց հիմա, ինչ խոսք, դա այլ նպատակ ունի:

Նախկին պատգամավոր, Հայաստանում և Արցախում նախարարի պաշտոն զբաղեցնելուց հետո Թանդիլյանը մտադիր է նոր բարձունքներ նվաճել:

Բայց կհաջողի՞ ծնունդով ոչ երևանցին Երևանի համար պայքարում: