Մոսկվան աշխատում է Ադրբեջանում ու Հայաստանում հյուպատոսական ներկայության ընդլայնման ուղղությամբ. ՌԴ պաշտոնյա

Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանում և Հայաստանում հյուպատոսական ներկայության ընդլայնման ուղղությամբ։ ТАСС-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ՌԴ-ի համար բարեկամ երկրներ են, որոնց հետ «կապված ենք ընդհանուր պատմությամբ ու մշակույթով»։
Նրա խոսքով՝ նման մթնոլորտում աշխատելն «ավելի հարմարավետ է, քան այնտեղ, որտեղ իշխում են ռուսատյացությունն ու կասկածամտությունը ռուս դիվանագետների նկատմամբ»:
Դիվանագետն ընդգծել է, որ մերձեցմանը նպաստում են «փոխշահավետ նախագծերը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում ստանձնած պարտավորությունները, մշակութային երկխոսությունը, զարգացած առևտրատնտեսական հարաբերություններն ու զբոսաշրջությունը»:
«Այս ամենը մեծացնում է դիվանագետների ծանրաբեռնվածությունն ու պահանջում է ընդլայնել դիվանագիտական առաքելությունների աշխատակազմը»,- նշել է Միխայիլ Գալուզինը։