Սովը ցեղասպանություն գործելու զենք է․ Լարիսա Ալավերդյան 

Սովը ցեղասպանություն գործելու զենք է․ Լարիսա Ալավերդյան 

Երբ խոսքը համեմատաբար երիդասարդ տարիքի անձի մասին  է, վստահորեն կարող եմ ասել, որ տվյալ դեպքը ազդակ է, որ դիմադրություն ցուցաբերելու մարդկային հնարավորությունները անսահման չեն։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻ պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով երեկ Արցախում արձանագրված սովամահության ցավալի դեպքը:
Նրա խոսքով, այս փաստը լայնամասշտաբ պետք է քննարկվի հենց Հայաստանում, քանի որ սրտացավություն չի երևում առանձին մարդկանց կողմից և չի ցուցաբերվում այն ուշադրությունը, որը պետք է ցուցաբերվի, քանի որ այստեղ սովն օգտագործվել է որպես զենք և գումարվել Ադրբեջանի գործած նախորդ բոլոր հանցագործություններին։

«Այս ամենի մեջ կարևոր դեր է խաղում ՀՀ իշխանությունների վտանգավոր արձագանքը»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ լավատեսորեն տրամադրված չէ և այնքան էլ բարձր կարծիքի չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացման մասով։ Ասում է՝ տարիներ շարունակ այնտեղ քննարկվել են նմանատիպ դեպքեր, սակայն միշտ աշխարհաքաղաքական իրադարձությունները ավելի բարձր են դասվել.

«Սովամահության վերջին դեպքը, վաղաժամ ծննդաբերությունները և երեխաների մահը շրջափակված Արցախում ծանրակշիռ դեր չեն ունենալու այդ նիստի ժամանակ»,- ցավով նկատեց նա։  

Ալավերդյանը նաև վստահ է՝ ՀՀ իշխանությունների կողմից ինչպես չի եղել սիստեմատիկ, սկզբունքային և խորքային աշխատանք, այնպես էլ չի լինելու և այն համոզմունքը, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան խոսելուց հետո հարց կարող է լուծվել միայն մոլորություն է և ուրիշ ոչինչ։ 

Հիշեցնենք, երեկ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման,  սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։ Սա սովամահության առաջին դեպքն է Արցախում:

Արցախը, հիշեցնենք, արդեն 248 օր է, ինչ շրջափակման մեջ է: 

Մարիա Զարգարյան