ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշակի աշխատանք կա անելու․ Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Մոսկվան լսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին, մեծ աշխատանք է սպասվում իրավիճակը պարզելու համար։ Ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, լսել ենք այդ հայտարարությունները: Ակնհայտ է, որ հիմա մեծ աշխատանքներ են սպասվում, մեզ անհրաժեշտ են շփումներ և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Կհստակեցնենք ու կխոսենք համապատասխան այն հայտարարությունների, որոնք արել է պարոն վարչապետը»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
Հարցին, թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերում Փաշինյանի նման հայտարարություններին, Պեսկովն ասել է, որ Կրեմլը չի կարող խոսել կազմակերպության անունից։ «Իհարկե, ՀԱՊԿ շրջանակներում որոշակի աշխատանք կա անելու»,- ընդգծել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։