Հաջորդ կանգառը՝ Վիեննա․ կողմերի առաջին «փոխհրաձգությունը»

Հաջորդ կանգառը՝ Վիեննա․ կողմերի առաջին «փոխհրաձգությունը»

Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Այս մասին «Արմենպրեսին» երեկ ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը։

Վահան Հունանյանը նաև հաստատել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ «Հանդիպման ժամկետի և վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի», - ասել է ԱԳՆ խոսնակը։

Երեկ Թուրքիայի արտգործնախարարը NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը կկայանա Վիեննայում՝ չհստակեցնելով հանդիպման ամսաթիվը։

Հաջորդ հանդիպման վայրը միակ բանն է, որը, թերևս, հաջողվել է համաձայնեցնել Հայաստանին ու Թուրքիային․ մնացած հարցերում տեսանելի են առաջին տարաձայնություններն ու երկկողմ հրապարակային «փոխհրաձգությունը»։

Մևլյութ Չավուշօղլուն, օրինակ, կոչ էր արել Հայաստանին ավելի համարձակ լինել և երրորդ երկրներում հանդիպումները տեղափոխել Անկարա ու Երևան:

«Մի կողմից ասում եք թող հարաբերությունները կարգավորվեն ու սահմանները բացվեն, մյուս կողմից Թուրքիայում և Երևանում դեռ չեք համարձակվում հանդիպել: Եթե չեք համաձայնում նույնիսկ սեփական երկրներում հանդիպելու, մյուս հարցերում ինչպե՞ս եք քայլեր անելու», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ասելով, որ նույնիսկ պատրաստակամ են եղել առաջինը իրենք գալու Երևան:

Անկարան փաստացի ակնարկում է, որ Երևանն ինքնուրույն չէ իր որոշումների մեջ ու հայ- թուրքական դիալոգը պայմանավորում է երրորդ կողմերի դիրքորոշումներով։

«Հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում և Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի։ Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ», - ասել է Հունանյանը։

Փոխադարձ անվստահության նման մթնոլորտում մի քիչ դժվար է պատկերացնել, որ հայ- թուրքական դիալոգը կարող է առաջընթաց գրանցել՝ գոնե մինչև այն պահը, երբ բացակայում է որոշակիությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ինչքան էլ կողմերը տարաբնույթ հայտարարություններ անեն՝ այս երկու գործընթացների փոխկապակցվածությունն ակնհայտ է։

Վահրամ Բագրատյան