Ասում էին՝ Նիկոլն ա սպանել մեր տղերքին, չգիտեմ՝ հիմա ո՞նց են գնում կողքին կանգնում․ զոհվածի հայրը

«Մեր ժամանակների հերոսը» պետք է լինի այսօրվա զինվորը, որը կանգնած է սահմանին ու ամեն օր կյանքի ու մահու կռիվ է տալիս, իսկ սրանք հերոս են կարգում ինչ-որ անհայտ տնտեսվարողների․ MediaHub-ի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնում 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։

Բանն այն է, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է պետական հովանավորությամբ ու ֆինանսավորմամբ անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որին մրցանակներ են ստացել հիմնականում սնունդի ու հագուստի արտադրությամբ զբաղվող անձինք։ Զոհվածի հայրն ընդգծում է՝ մրցանակաբաշխության մեծ ծախսերի փոխարեն, այդ գումարները կարող էին հատկացնել զինվորներին, զոհվածների հարազատներին։

«Շատ մեծ խնդիրներ կան երկրում ծառացած։ Լսելով Փաշինյանի խոսքը՝ հասկացա, որ արժեւորում է թիկունքը, ամեն ինչ կապում են սննդի ու հագուստի հետ։ Եթե շատ են մտածում հագուստի մասին, ապա ինչու էին զինվորները 44-օրյա պատերազմի ժամանակ կռվում առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի։ Բա ո՞ւր էր թիկունքը։ Կայացած, կայուն բանակը քանդեցին, մեր որդիներին դավաճանեցին, հիմա փոխանակ այդ գումարները ներդնեն բանակի հզորացմանը, սահմանների, դիրքերի ամրացմանը, զենքերի գնմանը, ասում են՝ մեզ զենք չեն վաճառում, մեզ բանի տեղ չեն դնում»,-ասաց նա։

Մրցանակաբաշխությանը ներկա են եղել նաեւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներ, ծնողներ։ Ռոստոմյանից հետաքրքրվեցինք՝ իրենք հրավեր ստացե՞լ են եւ ինչպե՞ս են վերաբերում զոհվածների ծնողների այդ միջոցառմանը մասնակցությանը։

«Այս իշխանությունները գիտեն, որ մենք որեւէ ձեւով չենք ցանկանում առնչություն ունենալ իրենց հետ։ Գիտակցում են, որ եթե նույնիսկ հրավիրեին, մեր պատասխանը ոչ էր լինելու, հետեւաբար չեն ուղարկել։ Ես էլ տեսա, որ զոհվածների ծնողներ են մասնակցել։ Մի բան կարող եմ ասել բոլոր այն ծնողներին, ովքեր ներկա են եղել. եթե դուք գնում եք ձեր որդիներին սպանողի ձեռքը սեղմում, գրկախառնվում, հետո ո՞նց եք գնում Եռաբլուր։ Իրենք ձեր երեխաներին տարել ու սպանել են։ Շատերն այն ժամանակ գոռում ասում էին՝ մեր տղաներն առանց զրահաբաճկոն են եղել, զենք չեն տվել, դավաճանել են տղերքին, փախել են։ Այն ժամանակ ասում էին՝ Նիկոլն ա սպանել մեր տղերքին, հիմա չգիտեմ՝ ո՞նց են գնում, կողքին կանգնում։ Ամեն մեկին մի ձեւ կարողացել են առնել։ Մեկին՝ մեդալ տալով, մյուսին՝ գումարով։ Շրջանների ծնողներից մեկն ասում է՝ իրեն 80 հատ ճուտ են տվել, որ հետները համագործակցեն։ Սա անընդունելի է մեզ համար»,-նշեց Ռոստոմյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

Լիա Սարգսյան