Չեմ բացառում, որ Քիշնեւում փաստաթուղթ կամ հայտարարություն կստորագրվի․ Արեգ Քոչինյան 

Չեմ բացառում, որ Քիշնեւում փաստաթուղթ կամ հայտարարություն կստորագրվի․ Արեգ Քոչինյան 

Նոյեմբերի 9-ի արձանագրությունը այլեւս «մաշված է», այն գոյություն չունի, հիմա օդի պես անհրաժեշտ է նոր փաստաթուղթ։ Չեմ բացառում, որ հունսի 1-ին Քիշնեւում կայանալիք հնգակողմ հանդիպման ժամանակ փաստաթուղթ կամ հայտարարություն կստորագրվի․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

-Պարոն Քոչինյան, ինչո՞վ եք պայմանավորում Քիշնեւում կայանալիք հանդիպումից առաջ Ադրբեջանի ղեկավարի սպառնալից հայտարարությունները Հայաստանի եւ Արցախի հասցեին, եւ ինչո՞ւ է Ալիեւը խախտում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ 

-Ալիեւը ցանկանում է հնարավորինս արագ եւ արդյունավետ կերպով ամրագրել Արցախի՝ Ադրբեջանին պատկանելիության հարցը։ Հայաստանի հիմնական հարցն այս պահին պիտի լինի Արցախն հայկական բնակչությամբ ապահովելը, որովհետեւ Ադրբեջանի հիմնական օրակարգին հակադրվելու համար Հայաստանը, ըստ իս, ներուժ չունի։ Հայաստանն եւ Արցախը այլ օրակարգ սպասարկել չեն կարող, ու եթե անգամ փորձեն՝ կորցնելու են այս չնչին հնարավորությունը։ Հայաստանը չպետք է տրվի սադրանքների, բանակցությունները պետք է հասնեն նրան, որպեսզի՝ ա տարբերակ՝ ռուս խաղաղապահ կոնտինգենտը շարունակի տեղակայված մնալ Արցախում եւ դրանով իսկ ապահովի արցախահայության ֆիզիկական անվտանգությունը, եւ բ տարբերակ՝ ստեղծվի միջազգային այն մեխանիզմը, որի մասին խոսվում ու քննարկվում է, բայց որեւէ բովանդակություն մինչ այս պահը չենք տեսել։ 

-Հայաստանի իշխանությունները հայտարարում են Արցախում եւ նաեւ Լաչինի հատվածում միջազգային երաշխիքների առկայության անհրաժեշտության մասին, ինչպե՞ս եք գնահատում դիտորդների առաքելության արդյունավետությունը՝ հաշվի առնելով ԵՄ դիտորդների աչքի առաջ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունն ու ադրբեջանական կողմի սադրանքները։ 

-ԵՄ դիտորդական առաքելությունը ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել։ Դա շատ կոնկրետ նպատակով ստեղծված գործիք է, որը միտված է հայ-ադրբեջանական սահմանը առավել թափանցիկ եւ հաշվետվողական դարձնել միջազգային հանրության առջեւ։ Նրանք չեն եկել մեր բոլոր անվտանգային խնդիրները լուծելու կամ մեր սահմանները անառիկ պահելու համար։ Եվ ուրեմն, իմ գնահատմամբ, իրենց առջեւ դրված պարտականությունները բավականին լավ կատարում են, բայց ես կարծում եմ, որ այդ առաքելությունը պետք է մեծացվի։ Տեսականորեն կարող են լինել ԵՄ դիտորդներ, բայց Արցախի դեպքում դա բավարար երաշխիք չէ։ 

-Ինչո՞ւ է «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը այսքան ձգձգվում, այն դեպքում, երբ 2022թ․-ի տարեվերջին Հայաստանի իշխանությունները վստահեցնում էին, որ այն մինչեւ 2023-ի սկիզբ ստորագրվելու է։ Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ արդեն 4-րդ անգամ խմբագրված տարբերակին ադրբեջանական կողմը դեռ չի պատասխանել եւ վստահեցրեց, որ Քիշնեւում «Խաղաղության պայմանագիրը» չի ստորագրվելու։ Դիվանագիտական ճակատում, ըստ Ձեզ, բանակցություններն ի՞նչ փուլում են գտնվում։

-Չեմ տիրապետում որեւէ այլ ինֆորմացիոն աղբյուրի, որը հրապարակային է։ Որքան հասկանում եմ՝ էլեկտրոնային դիվանագիտության շրջանակներում իրենք մեր կետերն են ջնջում, մենք՝ իրենցը։ Բովանդակային նորություն, որքան հասկանում եմ՝ չկա։ 
Ինչ վերաբերում է բուն փաստաթղթին, հայտարարություններ եղան, որ մասամբ տեքստը համաձայնեցված է, մասամբ՝ ոչ։ Չհամաձայնեցված հատվածի մեջ, իմ ենթադրությամբ, մտնում է Արցախի հայկական բնակչության անվտանգության երաշիքների փաթեթը, հաջորդը դելիմիտացիայի եւ դեմարկացիայի փաթեթն է, եւ երրորդը բուն փաստաթղթի երաշխավորի փաթեթը։ Ենթադրում եմ, որ հենց այս հարցերի շուրջ է, որ դեռեւս չկան համադրելի մոտեցումներ, ինչի պատճառով էլ դեռեւս չունենք խաղաղության պայմանագրի տեքստը։ Սպասել, որ հունիսի 1-ին այդ տեքստը կլինի՝ այնքան էլ հավանական չէ, բայց միեւնույն ժամանակ չեմ բացառում, որ այդ օրը փաստաթուղթ կստորագրվի, կամ կարվի նոյեմբերի 9-ի նման մի հայտարարություն։ 
Պետք է արձանագրենք, որ նոյեմբերի 9-ի արձանագրությունը այլեւս «մաշված է», այն գոյություն չունի։ Օդի պես անհրաժեշտ է նոր փաստաթուղթ։ Ազատ անկման վիճակ է, երբ ամեն հաջորդ օրն իր հետ բերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի էլ ավելի մեծ խախտում։

-Երբ ասում եք, որ «Խաղաղության պայմանագրի» երաշխավորի հարցն է հստակեցվում, արդյո՞ք նկատի ունեք այն, որ կողմերը միջնորդներ են փնտրում՝ ի դեմս Ռուսաստանի եւ Արեւմուտքի։ 

-Ես կարծում եմ, որ Հայաստանի համար լավագույն տարբերակը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Ռուսաստանն, ըստ էության, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի հանդիսանում երաշխավոր, որովհետեւ, եթե երաշխավոր լիներ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի ամբողջ ճարտարապետությունը այս պահին քայքայված չէր լինի։

Լիա Սարգսյան