Ջալալ Հարությունյանը պետք է պատժվի․ Գենադի Բաղդասարյանի դեմ էլ ենք ցուցմունք տվել․ զոհվածի մայր

Ջալալ Հարությունյանը պետք է պատժվի․ Գենադի Բաղդասարյանի դեմ էլ ենք ցուցմունք տվել․ զոհվածի մայր

Այո, Ջալալ Հարությունյանի դեմ ցուցմունք ենք տվել և ակնկալում ենք, որ պետք է պատժվի։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ցոր զորամասի զոհված զինծառայողներից Դավիթ Ազատյանի մայրը՝ Քրիստինա Ազատյանը։ 

Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց առաջ հարցաքննվել են Ստեփանակերտի Ցոր զորամասի զոհված զինծառայողների 20 ծնողներ և ցուցմունք տվել Ջալալ Հարությունյանի դեմ: 

«Միայն Ջալալ Հարությունյանը չէ, Գենադի Բաղդասարյանի դեմ էլ ենք ցուցմունք տվել, բայց այս մասով դեռ ոչինչ չկա։ Ցուցմունք ենք տվել նաև երեխեքի հրամանատար Գևորգ Գևորգյանի դեմ, ձերբակալված է, գործը քննության փուլում է, դեռ մեղադրանքն ապացուցված չէ»,-փոխանցեց Դավիթի մայրը։ 

Քրիստինա Ազատյանը պատմեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում դիտակետից հրամանատարները Ջալալ Հարությունյանին զեկուցել են, որ անծանոթ մարդիկ են մոտենում, նախկին նախարարը հրաման է տվել չկրակել՝ ասելով, թե մերոնք են։

«Նույն բանն իրեն մի քանի անգամ է զեկուցվել ու ինքը հրաման է տվել չկրակել, ու այդ պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք։ Այսինքն, եթե երեխեքը ժամանակին իմանային, որ դիվերսիոն խումբ է մոտենում կա՛մ կհասցնեին դուրս գալ, կա՛մ կդիրքավորվեին ու կսկսեին կրակել։ Բայց այդ հրամանի պատճառով մերոնք անակնկալի են եկել, վերջում հրամանատարները փախել են, երեխեքը՝ մնացել։ 19 զոհ ենք ունեցել այս ամենի արդյունքում, ինչպես նաև հրամանատարներից մեկը անհետ կորած է համարվում»,-ներկայացրեց նա։ 

Մայրը հիշեցրեց, որ 19 զոհված զինծառայողներից մի քանիսի մասունքները ավելի վաղ գտնվել էին, սակայն 11-ի մասունքները միայն 2021 թվականի նոյեմբերի 2-ին փոխանցեցին։ 

«Չգիտես ինչի տարել էին ու երեխեքի մասունքները չէին տալիս։ Տարօրինակ է, որ այդ դիրքից բավականին հեռու էին տարել ու հուղարկավորել տղաներին, մինչև հիմա սա հարցական է»,-ասաց նա։ 

Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը MediaHub.am-ին փոխանցեց, որ այս փուլում ոչինչ չի կարող մեկնաբանել։ 

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։ 

Լիաննա Թորոսյան