Աննա Հակոբյանը այցելել է Շիրակի մարզ

 Աննա Հակոբյանը այցելել է Շիրակի մարզ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Շիրակի մարզ։ Դստեր` Արփիի հետ, վարչապետի տիկինը եղել է «Ամասիայի մանկական արվեստի դպրոցում»։ Հայտնել է Շիրակի մարզպետի աշխատակազմը։

Վարչապետի տիկնոջը դիմավորել են Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը, օգնական Անժելա Մաթոսյանը, աշխատակազմի պատասխանատուներ, դպրոցի տնօրեն Ջեմմա Մանուկյան։

Վարչապետի տիկինը ներկա է գտնվել դպրոցի նկարչական և ասեղնագործության բաժինների սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին, որից հետո անցկացվել է «Մանուկները նկարում են խաղաղություն» թեմատիկայով նկարչական գործնական աշխատանք։

Շիրակի մարզպետի ողջույնի խոսքն է փոխանցել օգնական Անժելա Մաթոսյանը։

Այնուհետև հյուրերը ներկա են գտնվել դպրոցի սաների համերգին, որի ընթացքում հնչել են երաժշտական վոկալ-գործիքային կատարումներ, ցուցադրվել են պարային համարներ:

Համերգային ծրագրից հետո վարչապետի տիկինը շրջել է դպրոցում, ծանոթացել պայմաններին: Դպրոցի տնօրեն Ջեմմա Մանուկյանը ներկայացրել է նաև առաջիկա ծրագրերը:

Ամասիայի մանկական արվեստի դպրոցը հիմնադրվել է 1964 թվականին: Այժմ դպրոցը գործում է նոր վերանորոգված շենքում` ապահովված անհրաժեշտ գույքով և երաժշտական գործիքներով: Դպրոցն ունի շուրջ 130 աշակերտ, 5 երաժշտական, 3 արվեստի խմբեր: