Ամերիկացիների կեսն առաջիկա մի քանի տարիներին քաղաքացիական պատերազմ է ակնկալում ԱՄՆ-ում

Ամերիկացիների կեսն առաջիկա մի քանի տարիներին քաղաքացիական պատերազմ է ակնկալում ԱՄՆ-ում

Ամերիկացիների կեսն ակնկալում է, որ առաջիկա մի քանի տարիներին ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ կսկսվի։ Կալիֆորնիայի հրազենի կիրառմամբ բռնության հետազոտման կենտրոնի ղեկավար, դոկտոր Գարեն Ուինթեմյութը սովորաբար ծիծաղում էր մոտալուտ ամերիկյան քաղաքացիական պատերազմի մասին նախազգուշացումների վրա՝ դրանք «խելագար խոսակցություններ» անվանելով: Հետո նա տեսավ զենքի վաճառքի թվերը, գրում է The Guardian-ը։

Ուինթեմյութը, ով հիմնել է հրազենի կրառմամբ բռնության հետազոտության կենտրոնը, վաղուց է նկատել, որ զենք գնելու մոլուցքն ալիքներով է առաջանում, հաճախ՝ նախագահական ընտրությունների նախաշեմին: Բայց այն սովորաբար միշտ նահանջում էր։ «Այնուհետեւ 2020 թ. հունվարին զենքի վաճառքը կտրուկ աճեց։ Պարզապես գնման աննախադեպ աճ, եւ այդ աճը շարունակվում է,- ասել է նա.- Ի տարբերություն նախորդ պոռթկումների, այս մեկը չի ավարտվում։ Մարդիկ շարունակում են խելագարի պես զենք գնել»:

Ուինթեմյութին պատասխաններ են պետք, եւ նրանք ապշեցրին նրան։ Հրազենի կրառմամբ բռնության հետազոտման կալիֆոռնիական կենտրոնի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների կեսն ակնկալում է, որ առաջիկա մի քանի տարիներին ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ սկսվի: Յուրաքանչյուր հինգերորդը կարծում է, որ որոշ հանգամանքներում քաղաքական բռնությունն արդարացված է: Բացի այդ, թեեւ գրեթե բոլորն ասում էին, որ ԱՄՆ-ի համար կարեւոր է ժողովրդավարական երկիր մնալ, մոտ 40 տոկոսը նշել է, որ ավելի կարեւոր է ուժեղ առաջնորդ ունենալ:

«Այս բացահայտումները, նախորդ հետազոտությունների հետ միաին, վկայում են ամերիկյան ժողովրդավարական հասարակության եւ դրա ինստիտուտների նկատմամբ շարունակվող օտարման եւ անվստահության մասին», - ասվում է զեկույցում:

Դաժան քաղաքացիական կոնֆլիկտի մասին խոսակցությունները հանկարծ դադարեցին Ուինտեմյութին խելագար թվալ։

Նա նշում է, որ մեծ թվով մարդիկ, ովքեր քաղաքացիական պատերազմ են ակնկալում, ասում են, որ դա միայն «մասամբ է հավանական»: Բայց բնակչության կեսը, որը նույնիսկ դիտարկում է այդպիսի հնարավորություն, արտացոլում է մեծ թվով ամերիկացիների վստահության անկումը կառավարման համակարգի նկատմամբ, որին քննադատում է Դոնալդ Թրամփն ու Հանրապետական ​​կուսակցության մեծ մասը:

Ուինտեմյութի խոսքով՝ բռնի սպառնալիքների աճը սրվել է զենքի վաճառքի աճով: «Ի՞նչ է տեղի ունենում, երբ հասարակությունը, որն ավելի ու ավելի է վախենում իր ապագայի համար, ավելի բեւեռացված, ավելի ու ավելի զայրացած է դառնում ինքն իր վրա, մեծ քանակությամբ զենք է գնում»: