Իսրայելից բժիշկներ են ժամանել ՀՀ՝ օգնելու Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին

Իսրայելից բժիշկներ են ժամանել ՀՀ՝ օգնելու Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին

Իսրայելի  առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Հայաստան՝ աջակցելու սեպտեմբերի 26-ին Արցախում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով տուժածներին. այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը:

«Բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը հանգեցրել է մեծածավալ վնասների, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Վիրավորներից շատերը բուժման նպատակով տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ, և Իսրայելից ժամանած բժիշկները իրենց փորձով կկիսվեն՝ օգնելու Հայաստանի բժիշկներին։ Այս ողբերգության կապակցությամբ Իսրայելի կառավարությունը իր զորակցությունն ու աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել հայ ժողովրդին»,- գրել է նա։

Բժիշկներից Յարոմ Շոհամը Իսրայելի «Սորոկա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժնի վարիչն է, իսկ Ադի Մաիսել Լոթանը Իսրայելի «Շաարե Զեդեք» բժշկական կենտրոնի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության փորձագետ է։ Նրանք կմիանան պայթյունից տուժածներին բժշկական աջակցություն ցուցաբերողների միջազգային փորձագետների խմբին։