Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Աղազարյանին, Փոխնախարարի որդին ազատվել է բանակից․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն. տարբեր ուռուցքներ ունեցողները, գիշերամիզությամբ տառապողները, վատ տեսողություն ունեցող երիտասարդները, սակայն փոխնախարարի որդին այդպես էլ օրենքի որեւէ կետով ծառայությանը պիտանի չդարձավ։
Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների կապակցությամբ այս անգամ հիշեցնում ենք ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի որդու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան վերջնականապես ազատել զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու հիմքով:
ՀՀ առողջապահության նախարարությունից այն ժամանակ մեզ որեւէ հստակ մեկնաբանություն չէր տրվել։
Բացի այս սկանդալից, կա եւս մեկը. Լենա Նանուշյանը ամեն բան անում է, որ դիրքերն ամրացնի, եւ Ավանեսյանի շուրջ պրկված օղակի գործելուն պես, երբ նախարար Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը։
Ասել է թե Անահիտ Ավանեսյանի տեղակալը գործում է իր դեմ եւ գաղտնի պլաններ է գծում առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ միասին։
«Ժողովուրդը» փորձեց Նանուշյանից մեկնաբանություններ ստանալ, բայց ապարդյուն»:
«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ից խայտառակ կերպով վտարված Հովիկ Աղազարյանի աշխատասենյակում շարունակում է պատից կախված մնալ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որը, ի դեպ, կախված է բոլոր պատգամավորների, իշխանավորների աշխատասենյակներում։
Երեկ մեր լրագրողն Աղազարյանին հարցրել է՝ ինչո՞ւ եք թույլ տալիս, որ այսքանից հետո էլ Փաշինյանը Ձեզ լուռ «հսկի»՝ պատից։ Աղազարյանն ասել է սա բոլորովին այլ Փաշինյան է, որին ինքը սիրում էր․ «Սա այսօրվա Նիկոլ Փաշինյանը չի, սա երեկվա Նիկոլ Փաշինյանն է, եւ դա է ապացուցում իր արտաքին տեսքը՝ մորուքը, հետեւաբար, եթե որեւէ մեկին չի խանգարում, թող մնա այստեղ»:
Ի դեպ, ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ ներքին «չաթերում» ակտիվ քննարկել են Աղազարյանի հիմնած կուսակցության ծրագրի նախագիծը, որը շաբաթներ առաջ պատգամավորը հրապարակեց, ոմանք չարախնդացել են, թե նոր` «հուժկու ընդդիմություն» են ստացել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք թանկացող տրանսպորտը:
Ինչ խոսք, լավ է հնչում, իսկ ի՞նչ հետեւանքներ կարող են լինել, ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը:
Հիշեցնենք, որ Մարությանը առաջարկում է փետրվարի 1-ից մտնել ավտոբուս, տալ 100 դրամ եւ երթեւեկել, բայց իշխանությունը, կարծես թե, մտադիր է տուգանք կիրառել քաղաքացիների նկատմամբ, որը կլինի 50.000 ՀՀ դրամ: Ու դժվար թե Հայկ Մարությանը, Գագիկ Բեգլարյանի ու Հովիկ Աբրահամյանի հարեւանությամբ գտնվող իր տունը գրավադրի, որպեսզի մարդկանց օգնի վճարել այդ տուգանքները: Արդյունքում` քաղաքացին իր տուգանքի հետ միայնակ կմնա:
Իսկ ինչ վերաբերում է այսօրվա թանկացումները 2013 թվականի «100 դրամանոց» բողոքի հետ համեմատելուն՝ ապա նշենք, որ այն ժամանակ մահաբեր գազելներն էին ու վատ ավտոբուսները, հիմա գոնե ունենք նոր տրանսպորտ՝ նոր ավտոբուսներով, քիչ թե շատ նորմալ վարորդներով:
Այսինքն` սակագնի փոփոխությունը որակի հետ է առնչվում: Թեեւ պայքարը դեռ նոր դրսեւորումներ է ստանում, բայց պարզ չէ, թե ինչ ծավալների կհասնի. միայն թե վերջում տուժողը կլինի ժողովուրդը, ով կա՛մ պետք է հարմարվի նոր գների հետ, կա՛մ ենթարկվի մեծ տուգանքների»: