Արցախում անկումային տրամադրություն է․ Ադրբեջանը լարվածության լուրջ ֆոն է ստեղծում․ պատգամավոր

Արցախի Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվել է Սահմանադրության փոփոխության նախագիծը։
Ըստ նախագծի՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը վերապահել Ազգային ժողովին:
MediaHub-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը նշեց, որ բնականաբար հանրությունն այս ամենը կարող է կապել Արայիկ Հարությունյանի հավանական հրաժարականի հետ, քանի որ հոդվածի անունը նման տրամադրություն է ստեղծում։
«Բայց, իրականում, քննարկվում էր, որ անվտանգային նման մեխանիզմ պետք է ունենանք. խոսքն այն մասին է, որ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ն ստանում հնարավորություն ընտրություններ կազմակերպել, որպեսզի անիշխանություն չլինի։ Բացի սա, մեր գործող Սահմանադրությամբ կան բավականին ռիսկեր, որովհետև նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նաև զուգահեռ ԱԺ-ն է լուծարվում, այսինքն, երկիրը միանգամից ո՛չ գործադիր իշխանություն է ունենում, ո՛չ էլ օրենսդիր»,-ասաց նա։
Խոսելով Արայիկ Հարությունյանի հավանական հրաժարականի մասին՝ վերջինս հիշեցրեց նախագահի խորհրդականի այն հայտարարությունը, թե այս փուլում նման բան չի նախատեսվում.
«Մենք էլ առաջնորդվում ենք այս պաշտոնական հայտարարություններով»։
Դիտարկմանը, թե տեղեկություններ են տարածվում, որ թշնամին Արցախի սահմանին ուժեր է կուտակում, վերջինս պատասխանեց․
«Սա կարող է միայն պաշտպանական գերատեսչությունների կողմից հերքվել կամ հաստատվել, բայց ես կարող եմ խոսել այն մասին, որ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով փորձում է տեղեկատվական դաշտում տարածել տեղեկություն, որ պատրաստվում է խախտել հաստատված ստատուս քվոն, մեղադրում է Հայաստանին, թե Արցախին զենք, զինամթերք է մատակարարում։ Բնականաբար, սա չի համապատասխանում իրականությանը, մենք օգտվում ենք մեր ինքնապաշտպանության իրավունքից և այն ստորաբաժանումները, որոնք առկա են տարածքում, միայն ու միայն Արցախի ՊԲ-ին են պատկանում։ Ադրբեջանը, ամեն դեպքում, լարվածության լուրջ ֆոն է ստեղծում, մեղադրանքներ է հնչեցնում, թե Արցախի ՊԲ-ն կամ ՀՀ ԶՈՒ-ն խախտում է հրադադարը։ Սա ծանոթ ձեռագիր է, երբ Ադրբեջանը տեղեկատվական ֆոն է ստեղծում, թե իրենց թիրախավորում են և արդեն երկրորդ քայլում նրանք հարձակվում են ու սա անվանում որպես պատասխան գործողություններ։ Ադրբեջանն այս վերջին երկու շաբաթվա ընթացքում բավականին լուրջ սպառնալիքներ է հնչեցնում նաև իր խորհրդարանի պատգամավորների մակարդակով։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև հայտարարեց, թե փակելու են նաև այլընտրանքային ճանապարհը, որը ծառայում է որպես հումանիտար բեռների տեղափոխման համար։ Բնակիչների տեղափոխման մասին ևս հայտարարություններ եղան, մենք համայնքներ ունենք, որոնք այս ապօրինի շրջափակման պատճառով կտրված են և ռուս խաղաղապահների միջոցով այլընտրանքային ճանապարհով մարդիկ գյուղից գյուղ են տեղափոխվում, բավականին բարդ ճանապարհ է, այդ պատճառով էլ փոխադրումները կատարվում են ՈՒԱԶ մակնիշի մեքենաներով. Ադրբեջանն էլ սա մեկնաբանում է, թե մարդկային ուժի տեղափոխում է։ Սա իրականությանը չի համապատասխանում, բնակիչներ են, որոնք պարզապես գյուղից գյուղ են տեղափոխվում»։
Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, պատգամավորը նշեց՝ մոտավորապես 100 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է և Ադրբեջանի ստեղծած տեղեկատվական ֆոնի մասով նաև այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ միջազգային մեխանիզմներ են ուզում գործարկել, քանի որ տեղեկություն ունեն՝ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանություն իրականացնել Արցախում։
«Միանշանակ, այս ամենը խուճապ է առաջացնում Արցախում, ինչպես նաև անկումային տրամադրություն, բայց արցախցիները մինչև վերջ պատրաստվում են իրենց իրավունքները պաշտպանել»,- հավելեց նա։
Լիաննա Թորոսյան