Գիտնականները պարզել են, որ կնոջ մաշկը սթրեսի ժամանակ սպիրտ է արտազատում

Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հոգեբանական սթրեսի պայմաններում կանանց մաշկը արտազատում է հատուկ ցնդող օրգանական միացություններ՝ ներառյալ սպիրտ, էսթերներ, ալկաններ, ազոտային միացություններ և կետոններ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports (SciRep) ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել են 24-ից 40 տարեկան, 35 չծխող կանայք: Գիտնականներն օգտագործել են սիլիցիումի օրգանական պոլիմերներից պատրաստված հատուկ սենսորներ՝ հասկանալու համար, թե ինչ VOCs (ցնդող օրգանական միացություններ) են արտադրվում հանգիստ և սթրեսային վիճակում գտնվող կանանց ճակատի հատվածում գտնվող մաշկի կողմից: Նշվում է, որ VOC-ները միացություններ են, որոնք ազդում են մաշկի հոտառական պրոֆիլի վրա: Դրանք արտադրվում են էկրին, ճարպային և ապոկրին գեղձերի կողմից։ Էկրին քրտնագեղձերը տեղակայված են ամբողջ մարմնում, իսկ ապոկրին քրտինքի գեղձերը՝ մաշկի մազոտ հատվածներում։
Պարզվել է, որ սթրեսի պայմաններում կանանց մաշկի մակերեսին հայտնվում են մոտ 198 VOCs, որոնք ներառում են սպիրտեր, ալկաններ (հագեցած ածխաջրածիններ), էսթերներ (թթուների դաս), ազոտային միացություններ և կետոններ։ Գիտնականները նաև պարզել են, որ հոգեբանական սթրեսը 37%-ով ավելացնում է ճարպի արտադրությունը։
Գիտնականները ենթադրել են, որ ապագայում իրենց հայտնագործությունը կարող է հիմք ծառայել VOC-ների ազդեցությունը մարդկանց հաղորդակցության վրա ուսումնասիրելու համար: Այս միացությունները կարող են նաև լինել տարբեր հիվանդությունների պոտենցիալ բիոմարկերներ: