Գաղտնալսում են ոչ միայն ընդդիմադիրներին, Պարգևավճարներ և գեներալի կոչում են տալիս ու քսի տալիս․ Մամուլը՝ սուրճով

Գաղտնալսում են ոչ միայն ընդդիմադիրներին, Պարգևավճարներ և գեներալի կոչում են տալիս ու քսի տալիս․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանին, որն արդեն մեկ տարուց ավելի է նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ եւ մեր ժամանակների ամենամութ պաշտոնյաներից է, պարզվում է՝ իշխանությունները լուրջ փորձությունների են ենթարկել։ Դեռեւս օմբուդսմենի պաշտոնում Գրիգորյանը, ըստ լավատեղյակ աղբյուրի,  հայտնաբերել է, որ փորձում են իր հեռախոսին գաղտնալսող ծրագրեր «նստեցնել»: Այո, մի զարմացեք` մեր երկրում ոչ միայն ընդդիմությանն են լսում, այլեւ իշխանության մեջ գտնվողներին:

Ք.Գրիգորյանը` համապատասխան ծառայություններից ստանալով ծանուցումը, որ ձեր հեռախոսի մեջ օտար միջամտություն է իրականացվվել, անմիջապես դիմել է Հատուկ ծառայություններին՝ ճշտելու. արդյոք իրե՞նք են դա անում: ԱԱԾ-ից հերքում ստանալով, նա հայտարարում է, որ այդ պարագայում մտադիր է աղմուկ բարձրացնել՝ նաեւ միջազգային կառույցներին տեղեկացնելով, որ ՀՀ ՄԻՊ-ին փորձում են գաղտնալսել:

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այդ «սպառնալիքից» հետո Ծառայությունները փոխել են դիրքորոշումը` ՄԻՊ-ին տեղեկացնելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, նպատակ չեն ունեցել իրեն գաղտնալսելու, սխալմամբ է այդ ծրագիրը տեղադրվելու իր հեռախոսում, ոստի հայցում են իր ներողամտությունը: Սակայն իրավապահ համակարգում խոսում են, որ այդ ընթացքում հատուկ ծառայություններն արդեն հասցրել էին նրա հեռախոսից բավականին նյութեր քաշել եւ դրանք պահվում են որպես կոմպրոմատ, խոսքը` «ինտիմ բնույթի» նյութերի մասին է»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբեր ամսին հոդված էր հրապարակել՝ «Անահատական բնակելի տուն, հողամաս, 2 բնակարան և այլն. ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը» վերտառությամբ։

Գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը Կապանում ՔՊ-ական իշխանությունների թեկնածուն էր եւ խայտառակ պարտություն կրեց, հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել:

Դավիթ Դանիելյանը հեղափոխությունից հետո ձեռք է բերել 2 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մեկ անհատական բնակելի տուն եւ հողամաս Դանիելյանը հայտարարագրել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում 2015 եւ 2021 թվականներին։ Դանիելյանը 2021 թվականին ձեռք է բերել Kia մակնիշի մեքենա՝ 2012 թվականի արտադրության։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 15 մլն 197 հազար դրամ։

Դանիելյանի եկամուտներից 7 մլն 766 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Դանիելյանը 18 հազար եվրո եկամուտ է ստացել ոմն Արտակ Խաչատրյանից․ ինչի դիմաց՝ պարզ չէ. թերեւս իրավապահների պարզելիքն է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության հիման վրա իրականացված տվյալների ստուգման շրջանակում՝ 2024 թվականին Դավիթ Դանիելյանից պահանջել է ներկայացնել պարզաբանում՝ արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ։

Ստացված պարզաբանումների և դրանց կից ներկայացված նյութերի համադրման արդյունքում պարզ է դարձել, որ 31/12/2022 թվականի դրությամբ Դավիթ Դանիելյանին են պատկանել 3 անշարժ գույք, իսկ մեկ անշարժ գույքի մասով առկա է եղել կառուցվող շենքից գույք գնելու իրավունք։

ԿԿՀ-ի կողմից անդրադարձ է կատարվել նաև Արտակ Խաչատրյանից ստացված եկամուտին, որը ձևավորվել է Դավիթ Դանիելյանի նկարած նկարների վաճառքից։

Պարզաբանման վերջնական գնահատման արդյունքում՝ Հանձնաժողովը որոշել է ավարտել ստուգումը, քանի որ գույքային դրության վերաբերյալ ներկայացված տվյալների արժանահավատության և օրինականության վերաբերյալ կասկածներ չեն եղել, իսկ ենթադրյալ իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետներն անցել են։

Այս անգամ էլ իշխանության «սրտի» ԿԿ հանձնաժողովը ստեղծագործ պատգամավորի նկարների վաճառքը համարեց օրինաչափ»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ Երեւանում խաղաղ անհնազանդության ակցիաներ էր անում, փողոցներ փակում, ինչից` փողոց փակելով իշխանության եկած ՔՊ-ն ու նրա ոստիկանները շատ են վրդովվում: Կարմիր ու սեւ բերետավորները գազազած հարձակվում էին մարդկանց վրա` քաշքշում, ոստիկանություն տանում: 

Այնպիսի ազարտի մեջ էին ընկել, որ առավոտյան քաշքշուկի կենտրոնում էր հայտնվել Իրանում, Կատարում, Էմիրություններում մեր նախկին դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, իսկ ավելի ուշ դաժան ծեծի էր ենթարկվել ԱԺ Հայաստան խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Աշոտ Սիմոնյանը: Վերջինիս նկատմամբ վայրագ գործողություններն իրականացրել էին ոստիկանության զորքերի 1031, 1032 և Ոստիկանության Երևանի վարչության, հատուկ նշանակության գումարտակի ծառայողները։

Դաշնակցական պատգամավորին առանձնակի դաժանությամբ ծեծող խուժանի պես հայհոյող ենթականերին տեղում հետեւում էին 1031-ի հրամանատար գնդապետ Տիգրան Սարգսյանը եւ 1032-ի հրամանատար Հովհաննես Զաքարյանը: Իսկ բուն գործողություններից մի քանի մետր հեռավորության վրա իր ղեկավարած վայրենիներով պարծենում էր ՈՍ ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով թերեւս հենց այս վայրագությունների համար իշխանությունների կողմից երեկ պարգեւատրվեց` ստանալով գեներալ-մայորի զինվորական կոչում, ինչի մասին նախապես մենք գրել էինք։ 

Աշոտ Սիմոնյանի նկատմամբ վայրագությունների փաստով Արամ Վարդեւանյանը երեկ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն, որում նաեւ անուններ է հիշատակել, թե ովքեր են ջարդարարները։

Մի մանրամասն եւս. Սույն Հայկ Բաբայանը ուրբաթ օրը ոստիկանական զորամասերի հրամանատարների` դաստիարակչական գծով տեղակալներին հավաքել է իր մոտ եւ հանձնարարել` զորքի հետ աշխատել այս օրերին, դուխ տալ, որ ցուցարարների նկատմամբ հատուկ կոշտ վերաբերմունք դրսևորեն:

Իրենց հայրենիքի համար պայքարի ելած մարդկանց ծեծել-ջարդելու, շարժումը ճնշելու գործը Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրականացնել սույն նորաթուխ գեներալին, ՆԳ նախարարի կին տեղակալ Արփինե Սարգսյանին եւ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ով երեկ լրագրողների հետ զրույցում չէր կարողանում թաքցնել իր ատելությունն ու անհարգալից վերաբերմունքը Բագրատ սրբազանի եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ: