Խոշոր ավտովթար՝Երևանում. բախվել են Kia-ն ու Hyundai-ն. Kia-ն հայտնվել է մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը

Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Պարույր Սևակ - Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai և Kia մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրին տեղադրված երկաթե ճաղավանդակին և մասամբ հայտնվել մայթին։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։
Ավտոմեքենանները ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին վաշտի պարեկներ Կարապետ Ատուրյան ու Արտյոմ Գասպարյանը տեղափոխեցին ՊԾ Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։