Ես Արցախից որևէ տեղ չունեմ գնալու, մեծ հույս ունեմ, որ վերադառնալու եմ իմ հայրենի Շեխեր. Սվետլանա Ամիրջանյան

Սվետլանա Ամիրջանյանը 1988 թվականից բնակվում էր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Շեխեր գյուղում: 1994 թվականին ամուսինը զոհվում է պատերազմի ժամանակ: Նա իր երեք՝ չորս, երեք և վեց ամսական անչապահաս դստրիկների հետ մնում է միայնակ: Նա իր բալիկներին մեծացնում է՝ ապրելով ամուսնու մայրիկի հետ միասին: Տիկին Սվետլանան պատմում է, որ Շեխեր գյուղում իրենք ունեցել են հիանալի այգիներ, բանջարանոցներ, ունեցել են մեծ քանակությամբ անասուններ:
Նա նաև աշխատում էր իրենց գյուղի դպրոցի ֆիզիկայի և քիմիայի լաբարատորիայի կաբինետում որպես լաբորանտ: 44-օրյա պատերազմի հետևանքով տիկին Սվետլանան, բազմաթիվ արցախցիների ճակատագրին արժանանալով, դառնում է տարհանված: Տիկին Սվետլանայի երկու դուստրերը, որոնցից մեկը ամուսնացել էր Շեխեր գյուղում, իսկ մյուսը՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տումի գյուղում, նույնպես դառնում են տեղահանված:
Տարհանված աղջիկներից մեկը իր ընտանիքի հետ ժամանակավոր բնակություն է հաստատել Երևանում, մինչև Տումին նորից ետ բերենք: Իսկ մյուս տարհանված աղջիկը իր ընտանիքով բնակվում է Ստեփանակերտում: Սվետլանայի երրորդ աղջիկն էլ ընտանիք է կազմել և ապրում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում: Մեր զրուցակիցն էլ իր 94-ամյա սկեսրոջ հետ նույնպես հաստատվել է Ստեփանակերտում:
«Դեկտեմբերի 12-ին ճանապարհի փակվելուն շատ մեծ ուշադրություն չդարձրեցի: Մտածում էի, այսօր, վաղը, մյուս օրը կբացվի, բայց ժամանակի հետ հասկացա, որ ապարդյուն. մինչ օրս չի բացվում: Ուտելիքի առումով ես այդքան էլ վատ վիճակում չէի, քանզի աշնանը բավականին պահածոներ էի պատրաստել և շատ թթուներ դրել: Ես իմ դրած թթուները վաճառում էի, և շատ հաճախորդներ ունեի, որոնց շատ դուր էր գալիս իմ դրած թթուները: Այդ ամենի հետ միաժամանակ ես նաև աշխտում էի հացի փռում:
Կտրոնների տրամադրման շնորհիվ մի փոքր ավելի հեշտացավ մեր վիճակը, կարողացանք ձեռք բերել ամենից կարևոր ապրանքատեսակները՝ ձեթ, շաքարավազ, պարենային ապրանքներ և կենցաղում օգտագործման անհրաժեշտ քիմիական ապրանքներ: Ես ավելի շատ ձմեռվա այդ ընթացքում անհանգստանում էի, որ չէի կարողանում ոչ մի կերպ միրգ գնել թոռնիկներիս համար: Լույսերի հովհարային անջատումները շատ դժվարություններ էր ստեղծում, քանի որ տանը տատիկը ոչ մի կերպ չէր տաքանում, մենք էլ մի փոքրիկ էլեկտրական տաքացուցիչ էինք միացնում:
Քանի որ ես էլ հացի փռում էի աշխատում, մեր աշխատանքային գրաֆիկն էլ ամբողջովին կախված էր լույսերի անջատումներից: Մեզ այս ընթացքում հիմնականում օգնում էր Կարմիր Շուկայում բնակվող աղջիկս և իր ամուսնու ծնողները: Նրանք հիմնականում մեզ համար գյուղում աճեցրած իրենց բերքից բաժին էին ուղարկում:
Գարնանը, ես էլ, երբ դեռ հասարակական տրանսպորտը մի կերպ աշխատում էր, գնում էի և իրենց օգնում ու միասին մշակում էինք իրենց հողատարածքները:
Այժմ, երբ ոչ մի հասարակական տրանսպորտ այլևս չի գործում Արցախի տարածքում, մենք չենք կարողանում գնալ, կամ իրենք գան մեզ տեսության: Այս պարագայում նաև գյուղացու մշակած բերքն է փչանում, ինչ դժվարությամբ, թշնամու թիրախավորման ներքո մարդիկ կյանքի գնով մշակել են իրենց հողատարածքները, իսկ այժմ վառելիքի բացակայության պատճառով չեն կարողանում իրացնել:
Ինձ համար ամենից ծանրը Երևանում մնացած աղջկաս հետ բաժանումն է, գրեթե ամեն օր խոսում ենք միմյանց հետ, բայց կարոտը, բաժանումը ահավոր ծանր է: Թոռնիկս ասում է, որ ճանապարհը բացվի, ես գամ Արցախ, տատի՛, քեզ համար լավ բաներ եմ բերելու»,- լացակումած պատմում է տիկին Սվետլանան: Արդեն երկու շաբաթ է՝ ինչ տիկին Սվետլանան առողջության պատճառով չի կարողանում գնալ աշխատանքի: Բայց նա ուրախությամբ նշում է, որ իր գործընկերները հաճախ են իր համար հաց բերում, իսկ տնօրենը անգամ թուլյ չի տալիս գումարը վերցնել:
Նա նաև պատմում է, որ մի օր գնացել էր բանջարեղեն գնելու, վաճառող երիտասարդը տեսնելով, որ ծանր են գնումները, փակում է խանութը և օգնում տիկին Սվետլանային գնածը տուն հասցնել:
Մի դեպք էլ պատմեց, որ տան մոտի փռից հաց էր գնել, իսկ Արցախում տոպրակներ արդեն չկա, հացը ձեռքերը վառելով տանում էր, մի աղջիկ մոտեցավ, անձրևանոցը բացեց և առաջարկեց մեջը դնել տանել տուն:
Երբ հարևաններից մեկին գյուղից ուտելիք են ուղարկում, փորձում են միմյանց բաժին ուղարկել, և նմանատիպ բավականին պատմություններ պատմեց:
Տիկին Սվետլանան այս պատնությունները պատմում էր, և շեշտում, որ մենք կարող ենք այս արհավիքը հաղթահարել, եթե լինենք միասին և հնարավորինս օգնենք միմյանց:
«Իսկ ճանապարհը բացվելուց հետո դուք այստեղից կհեռանա՞ք» հարցին տիկին Սվետլանան այպես պատասխանեց.
«Ես այստեղից որևէ տեղ չունեմ գնալու, ես մեծ հույս ունեմ, որ վերադառնալու եմ իմ հայրենի Շեխեր:
Անգամ մեր 94-ամյա տատին ասում է, որ ինքը գնալու է և իր կյանքի վերջին տարիները ապրի Շեխերում», -ավելացրեց տիկին Սվետլանան:
Աննա Մանգասարյան, հատուկ MediaHub-ի համար