Հայաստանն Ադրբեջանին կվերադարձնի՞ իր տարածք մտած երկու զինծառայողներին․ պարզաբանում է ՔՊ-ն
Հայկական կողմը շարունակում է պնդել, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան պետք է արձանագրվի, քաղաքական գնահատական պիտի տրվի, ապա դրանից հետո հնարավորություն կլինի խոսել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին, դրա պարամետրերի մասին։ Այսինքն՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ը՝ որպես կառույց պետք է արձագանքի ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցողին, այն է՝ Հայաստանի նկատմամբ տեղի է ունեցել ագրեսիա և օկուպացվել են ՀՀ տարածքներ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն օրերս հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան։
Դիտարկմանը, որ ադրբեջանցիներն անարգել Սյունքի մարզի համայնքներ են ներթափանցում, Սարգիս Խանդանյանն արձագանքեց, որ օպերատիվ տեղեկատվության տիրապետելու խնդիր կա հարցի հետ կապված, քաղաքական գնահատականի հարց չէ, ուստի ինքը չի կարող պատասխանել։
Մեկ այլ դիտարկման, որ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե երեկ ՀՀ ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկին դեռ չեն հայտնաբերել, դա անվտանգային ի՞նչ խնդիր կարող է առաջացնել, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց․
«Մեկ հոգու՝ ՀՀ-ում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում, պետք է հաշվի առնել տեղանքի ռելիեֆը, հնարավոր է, որ որոնողական աշխատանքներում դժվարություններ են առաջանում»,- նշեց նա։
ՔՊ-ական պատգամավորը նկատեց՝ հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին ՀՀ-ն վերադարձնելու է, քանի որ "մենք մարդկային կյանքերի վրա չենք բանակցում"։
«Երկու տարի է՝ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին, բայց մենք մարդկային կյանքերի վրա չենք բանակցում ու կարծում ենք, որ գերիները անհապաղ պետք է վերադարձվեն։ Իսկ ինչ վերաբերում է այս դեպքին, ապա ֆռակցիայում քննարկում չի եղել։ Նախ պետք է հասկանալ, թե այս մարդիկ ինչպես են հայնտվել ՀՀ տարածքում․ օպերատիվ ինֆորմացիա է, որը ճշտվում է»,- նշեց Սարգիս Խանդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։