Մենք չենք պարտվել․ խաղը շարունակվում է․ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը՝ «Դյուդելանժին» նվազագույն հաշվով պարտվելու մասին

Մենք չենք պարտվել․ խաղը շարունակվում է․ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը՝ «Դյուդելանժին» նվազագույն հաշվով պարտվելու մասին

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» երեկ Երևանում 0։1 նվազագույն հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։

MediaHub.am-ի հետ զրույցում «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշեց, որ իրականում խաղի ավարտին ամենաբարդ իրավիճակը երկրպագուների տխուր հեռանալն էր։ 

«Մենք մեր երկրպագուներին սիրում ենք, ներողություն ենք խնդրում, որ երեկ իրենք տխուր հեռացան մարզադաշտից, ափսոսում ենք, որ հաղթանակի հաճույքը երեկ չկարողացանք նրանց տալ,  մենք աշխատում ենք լավագույնը ցույց տալ մեր երկրպագուներին։ Այո, ֆուտբոլում նաև լինում են հիասթափեցնող դրվագներ, բայց մեզ համար կարևոր է, որ մեր երկրպագուները մեր կողքին լինեն»,-ասաց գլխավոր մարզիչը։   

«Փյունիկը» վերջին անգամ դեկտեմբերին էր պարտվել և մարզիչի խոսքով՝ ցանկացած թիմ էլ պարտություն է ունենում, այլ հարց է, թե այդ պարտությունը հետագայում ինչ հետևանքներ կթողնի թիմի և երկրպագուների մոտ։ 
«Մենք պրոֆեսիոնալ ենք և գիտենք՝ ինչպես դասեր քաղել պարտությունից։ Պատվեցինք, բայց հիմա չեմ ուզում խոսել պատճառների մասին, իրականում, մեր նախորդ զրույցում էլ նշեցի, որ մենք մի քանի խնդիրներով ենք մոտեցել խաղին, որն իրականում նկատելի դարձավ։ 

Մենք ավելի վտանգավոր էինք, քան հակառակորդը, խաղը չի ավարտվել, ինչպես «Կլուժի» հետ խաղն էր 1։0 հաշվով, այնպես էլ հիմա, մեր պայքարը շարունակվելու է հակառակորդի հարկի տակ։ Մենք պետք է այս բացասականը դրականով լրացնենք․ մենք չենք պարտվել»,-ընդգծեց Մելիքյանը։

Այն խնդիրները, որը թիմն ունի, Մելիքյանի խոսքով, լուծվելու են ճիշտ և միահամուռ ուժերով։ Սպասվող խաղին ևս խնդիրներով ենք մոտենալու, բայց ըստ Մելիքյանի՝ չնայած այդ խնդիրների առկայությանը՝ ամեն ինչ անելու ենք հաղթանակով վերադառնալու համար։  

Մարզիչը նշեց, որ որևէ քննադատությունից չի խոսափում, սակայն վերջին խաղից հետո եղան կարծիքներ, թե ամեն դեպքում թիմային խաղում հայերը միշտ ձախողում են, ըստ նրա, սա ամենաբացասական երևույթն է, որ խանգարում է հավատալ հաղթանակներին։

«Ես չեմ հիասթափվում, այդ քննադատությունն ինձ վրա չի ազդում, բայց ափսոսում եմ, որ նմանատիպ կարծիքները հաճախ ազդեցություն են ունենում։ Թիմային աշխատանքի մեջ նաև երկրպագուներն են մտնում, այդպիսի կարծիքներ հայտնողները հենց նրանք են, ովքեր թիմային աշխատանքում չեն հաջողում։ Մենք ուժեղ ենք և մեր հաղթանակները կվերադարձնենք ու ցույց կտանք մեր աջակիցներին»,- շեշտեց Եղիշե Մելիքյանը։

Հիշեցնենք, որ պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 26-ին։

Լիաննա Թորոսյան