Ferrari-ն ներկայացրել է լիաքարշակ 499P հիպերքարը

Ferrari-ն ներկայացրել է լիաքարշակ 499P հիպերքարը

Ferrari ընկերությունը ներկայացրել է Ferrari 499P հիպերքարը, որով 50 տարվա բացակայությունից հետո կվերադառնա մարաթոնյան մրցարշավների բարձրակարգ դաս։

Ferrari 499P-ն ստացել է բարակ լուսադիոդային լուսարձակներ, առջեւի մեծ բաժանարար եւ հետեւի մեծ հակաթեւ՝ «լողակով»: Լիաքարշակ մեքենան հագեցած է V6 բենզինային տուրբոշարժիչով, որը համադրվում է 7-աստիճան հաջորդական փոխանցման տուփով, 272 ձիաուժ հզորությամբ հիբրիդային համակարգով եւ 900 Վոլտ լարվածությամբ մարտկոցով:

Ուժային սարքի ընդհանուր հզորությունը, ըստ սպորտային կանոնակարգի պահանջների, կազմում է 680 ձիաուժ։ Էլեկտրական շարժիչը շարժման մեջ է դնում առջեւի առանցքը, հիպերքարը հագեցած է նաեւ էներգիայի վերականգնման համակարգով։

Ferrari 499P-ն մրցարշավներին առաջին անգամ կմասնակցի 2023 թվականի մարտին՝ ամերիկյան Սեբրինգ քաղաքում FIA WEC առաջին փուլի մեկնարկին: Այնուհետեւ հիպերքարը կմասնակցի առաջնության մնացած փուլերին, ներառյալ «Լե Մանի 24 ժամը»: Իտալական թիմի օդաչուների կազմը դեռ չի հրապարակվում։ Ferrari-ն տոկունության աշխարհի առաջնության բարձրագույն դասում վերջին անգամ 1973 թվականին է հանդես եկել։