Հայ փրկարարները Սիրիայում են․ Զարմիկ Պողիկյան

Հայ փրկարարները Սիրիայում են․ Զարմիկ Պողիկյան

Սիրիայում բնակչությունը մի փոքր հանգստացել է. ուժգին երկրաշարժեր են գրանցվել, հետցնցումներ են լինում և մտահոգություններ կան, մարդիկ չենք համաձակվում իրենց բնակարաններում գիշերել։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Սիրիայում «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։ 

«Այս գիշեր էլ հայության մեծ մասը կրկին եկեղեցիներում, ակումբներում գիշերեցին։ Բնակարանային վնասները բավականին մեծ են։ Աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ ապահով տեղ տանեն բնակիչներին։ Քիչ առաջ Հալեպի միջազգային օդանավակայան ժամանեց ՀՀ-ից Սիրիա ուղարկված Հայաստանի փրկարարական ջոկատը»,-ասաց նա։ 

Վերջինս նշեց, որ հայաստանյան փրկարարներն անմիջապես անցել են գործի, որպեսզի մարդկանց դուրս բերեն փլատակներից։ 

«Բնականաբար, նրանք կօգնեն մեզ, քանի որ Սիրիան սանկցիաների տակ է և մասնագիտական մեծ հաշվարկ չկա որոնողական աշխատանքներ կատարելու համար։ Այս խումբը Հալեպի բնակչության համար է, իսկ երեկոյան Հալեպ է հասնելու Հայաստանից ուղարկված մարդասիրական օժանդակության օդանավը»,- տեղեկացրեց նա։ 

Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ՝ հայերի շրջանում նոր զոհերի մասին տեղեկություն չկա։ Այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել Սիրիայում, մայր և որդի են։ 

«Որոնողական աշխատանքները բնականաբար շարունակվում են։ Սիրիայում զոհերի ընդհանուր թիվն այս պահին 1250 է, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 1700: Սրանք, ցավոք, վերջնական տվյալներ չեն»,- հավելեց նա։

Նշենք, որ այս պահի դրությամբ Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է  1,5 հազարը, ավելի քան 3,5 հազարը վիրավորվել է: 

Լիաննա Թորոսյան