Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

«Չենք հրավիրում հարցաքննության, որովհետեւ դեռեւս ուսումնասիրությունների փուլն է։ Պաշտպանության նախարարությունից այնպիսի ծավալով փաստաթղթեր ենք ստացել՝ 10 հազարից ավելի ուսումնասիրության ենթակա, բացի այդ՝ օբյեկտիվ պատճառներ էլ են ի հայտ գալիս, ռազմական վերջին գործողությունները մեզ պարտադրում են, որ հանձնաժողովն այլ ուղղությամբ աշխատանքները տանի»,- ասել է Խաչատրյանը։ Սակայն տարօրինակ է՝ եթե այդքան նյութեր կան ուսումնասիրելու, եւ պատճառը քաղաքական չէ, ինչո՞ւ հանձնաժողովը հաճախակի նիստեր չի անում եւ կարծես պարապուրդի է մատնվել։

«Հրապարակ» թերթը գրում է․

ՔՊ-ում կասկածներ ունեն, որ անցած շաբաթ-կիրակի օրերին իրենցից շատերի հեռախոսներում հայտնի «Պեգասուս» գաղտնալսման ծրագիրն են «նստեցրել»։ Հիշեցնենք, որ սա բավականին թանկարժեք ծրագիր է, որը բջջայիններում ներդնելով, իրավապահ մարմինները հնարավորություն են ստանում գաղտնալսել ամեն ինչ։ ՔՊ մեր աղբյուրը չբացառեց, որ դա պայմանավորված է ՔՊ վարչության ընտրությունների կեղծիքներով։

«Հրապարակ» թերթը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին «ռեմոնտ» է սկսել, այս անգամ էլ կառավարության շենքի արտաքին լուսավորության լամպերն է թարմացնում։ Վարչապետի աշխատակազմը նոյեմբերի 3-ին գնման պայմանագիր է կնքել «Բոֆֆո» ՍՊԸ-ի հետ: Ընդհանուր արժեքը կազմում է 114 մլն 960 հազար դրամ։

«Հրապարակ» թերթը գրում է.

Վարդանյանը չի շտապում մի քանի պատճառներով, թեպետ ի սկզբանե ցանկացել է իր մարդկանց նշանակել գերատեսչությունների ղեկավարներ եւ Հայաստանից է փորձել մարդ հրավիրել, սակայն Արցախում նրան հասկացրել են, որ այդ քայլը չի ներվի։ Կարող է 1-2 հայաստանցի ներգրավել կառավարության կաբինետում, բայց ոչ ավելին։ Հիմա նա չի շտապում, որ «թշնամիների» բանակ չձեւավորի իր դեմ։ Ասում են, թե որոշել է՝ ով պետք է լքի, ով մնա, ոմանց էլ ժամանակ է տվել՝ գուցե կարողանան իր հետ համագործակցել։

Ամեն դեպքում,  կադրային նոր քաղաքականությունը կսկսի նոր տարուց։ 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ լրատվամիջոցներով կադրեր հրապարակվեցին, թե ինչպես են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետին սպասարկող ծառայողական մեքենայի վարորդն ու նրա կողքին նստած ՊԾ պետ Արթուր Ումրշատյանն առանց ամրագոտու երթևեկում: Անցել է մոտ երկու շաբաթ, և գոնե պաշտոնապես չի հայտարարվել, թե ինչ տույժի է ենթարկվել Ումրշատյանը, կամ արդյո՞ք որևէ տույժի ընդհանրապես ենթարկվել է: Սակայն, ինչպես երևում է, պարեկային ծառայության պետի հետ կապված առաջիկայում նոր սկանդալներ են սպասվում: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Պետական վերահսկողական ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ է իրականացնում պետական բազմաթիվ գերատեսչություններում, այդ թվում՝ ավտոպարկերի հետ կապված:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերին կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որի ընդունման դեպքում միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսվարողները զրկվելու են այսօր առկա արտոնություններից: «Աուդիտորների» պալատը մոտ մեկ ամիս առաջ է դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ այդ օրենքի ընդունումը կանխելու ակնկալիքով։ «Աուդիտորների» պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ սա հերթական չարիք հանդիսացող ու վտանգավոր նախաձեռությունն է, որը պարզապես կարող է «սղոցով կտրել» միկրոձեռնարկատիրության ճյուղը:

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը շատ երկարաձգել չի ստացվելու։ Դա անհնար է ոչ միայն նրա նկատմամբ հանրային մեծ հակակրանքի ֆոնին, այլև նրա, որ թիմի անդամներին Փաշինյանի ժողովրդականության իսպառին մոտ կորուստը սկսում է խանգարել։ Բոլորը հասկանում են, որ այսօր ՔՊ-ն 2018-ի «ջահելների» կուսակցությունը չէ, որտեղ կար միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ մնացածն իրենցից ոչինչ չէին ներկայացնում։ Այժմ պետական ու ֆինանսական ռեսուրսները ներսում ձևավորել են դեմքերի։ Եվ այժմ ակնհայտ է, որ պայքարում են Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ տեղի համար, որը առաջիկայում կարող է վերածվել առաջինի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանն իր կողմից առաջարկած հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության, ինչպես նաեւ՝ Սամվել Բաբայանի կուսակցության` քննիչ հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնության հարցը սեպտեմբերին քննարկելու վերաբերյալ հայտարարության մասին վերջերս՝ մոտ 20 օր առաջ, Արցախի ԱԺ-ում էր հնչեցրել:

Նրա հայտարարությունից հետո սակայն առ այսօր Բաբայանի կուսակցության կողմից որեւէ արձագանք դարձյալ չկա։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրակեղծիքների թեման դեռ շարունակում է եռալ։ Թեեւ կուսակցության ներսում գործած ընտրակեղծարարների խումբը հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի անունից եւ կոնկրետ ցուցակ շրջանառել, թե ում պետք է քվեարկել՝ որպես վարչության անդամ, ամեն դեպքում, նաեւ այլ խոսակցություն է եղել վերջին նիստի ժամանակ։

«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախատել է թիմակիցներին՝ ասելով, որ անընդունելի է ոչնչի առջեւ չկանգնելով անել ամեն ինչ ՔՊ վարչության կազմում հայտնվելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օր օրի ավելի ու ավելի է ամրապնդում համոզումը, որ Հայաստանում իր իշխանությունից ավելի ռուսահպատակ իշխանություն երբեւէ չի եղել: Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պարբերաբար հավատարմության «մեսիջներ» է ուղարկում, թե պաշտոնական Մոսկվայի թելադրած գծից միլիմետր անգամ չի հեռանա: Ապացույցը երեկ՝ նոյեմբերի 16-ին, խոհրդարանում արված այն հայտարարությունն էր, թե իր կաբինետը վաղուց՝ դեռեւս 2021-ի հունվարին է ընդունել, այսպես ասած, «խաղաղության պայմանագրի» մասով ռուսաստանյան առաջարկները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Իսկ ո՞րն է իրականությունը: 2007 թվականի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետը վերաբերում է ոչ թե յոթ շրջանները հանձնելուն, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերջնական իրավական կարգավիճակը որոշող պլեբիսցիտին։

«ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում»,- նշված էր փաստաթղթում։ Տարածքների վերադարձի մասին խոսվում է երրորդ կետում, ըստ որի՝ նախկին ԼՂԻՄ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ՝ փաստաթղթում նշված կարգով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առանց իր օգնականի որեւէ հանդիպման չի գնում:

Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրն է հայտնում, այլ Հարությունյանի հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերն են բացեիբաց խոսում այդ մասին: Երեկ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի անդամների հետ հանդիպման նորից իր օգնական Հովհաննես Պողոսյանի հետ է գնացել:

Վերջինս ոչ միայն ուղեկցում է Հարությունյանին, այլ նաեւ պարտադիր կերպով մասնակցում է բոլոր հանդիպումներին ու, որպես խիստ կարեւոր անձ ու դերակատար, նստում վերադասի կողքին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեցինք, թե նա ինչպես է աշխատում քաղաքական այս իշխանության հետ, երբ իր հայրիկին քաղաքական իշխանությունների հրահանգով քրեական հետապնդման ենթարկեցին, մեղադրանք առաջադրեցին, եւ դեռ ավելին՝ հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ: