Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ալավերդի խոշորացված համայնքում կրած պարտությունից հետո ՔՊ-ն որոշել է բոյկոտել՝ չմասնակցել ավագանու նիստերին։ Այստեղ քաղաքապետ է դարձել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։ Ամենուր արդյունավետ կառավարումից ու պատասխանատվությունից խոսող ՔՊ-ն որոշել է բոյկոտով տապալել ավագանու նիստերն ու քաղաքի կառավարումը, միայն այն պատճառով, որ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը չդարձավ համայնքապետ։
«Հրապարակ» թերթը գրում է․
Պնախարար Սուրեն Պապիկյանի եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մտերիմ Սաշա Կատվալյանը նախօրեին Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի պաշտոնից ազատվել է` իշխանությունների դեմ արած հայտարարության պատճառով։ Որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը չի մարսել իր իշխանության դեմ ուղղված այս «հանդգնությունը», որքան էլ Կատվալյանի ազդեցիկ մտերիմները փորձել են հարթել խնդիրը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված եւ սեպտեմբերին Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկն ու, իր ասելով, նոյեմբերին կստանձնի պետնախարարի պաշտոնը։ Արցախի նախագահը նման առաջարկով դեռ կես ամիս առաջ՝ հոկտեմբերի 2-ին էր հանդես եկել, Վարդանյանը, սակայն, իր պատրաստակամության մասին օրերս է հայտարարել։
«Հրապարակ» թերթը գրում է․
Տեւական դադարից հետո խորհրդարանական ընդդիմությունը երեկ կրկին ԱԺ նիստերի դահլիճ էր վերադարձել։ ԱԺ կանոնակարգ-օրենքն ամեն երեքշաբթի սահմանում է հայտարարությունների ժամ, պատգամավորները խորհրդարանի ամբիոնից երեք րոպեանոց հայտարարություններով են հանդես գալիս։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչդատական վարույթներ քննող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորումից առաջ իրավապահ համակարգն ուշագրավ գործընթաց է սկսած եղել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ուժային կառույցները սկսել են ուսումնասիրել դեռ տարիներ առաջ դատարանների կողմից կայացված դատական ակտերը:
«Հրապարակ» թերթը գրում է․
Արցախի Հանրային խորհրդի ստեղծումը քաղաքական դաշտում մտահոգություն է առաջացրել։ Բանն այն է, որ ՀԽ ղեկավար է նշանակվել սորոսական շրջանակներին հարող, Մասիս Մայիլյանի շրջապատից Արմեն Գեւորգյանը, իսկ ՀԽ անդամները, ըստ արցախցիների, երբեւէ հանդես չեն եկել Արցախի վերաբերյալ ՀՀ իշխանությունների քաղաքականության դեմ։ Ու, սրանով պայմանավորված, կասկածներ կան, թե երբ Ադրբեջանի պահանջով Արցախում ոչնչացվեն պետական ինստիտուտները, նախագահը հրաժարական տա, խորհրդարանն էլ լուծարվի, կառավարումն անցնելու է Հանրային խորհրդին, որն անկախ մարմին է, եւ որի գոյությունը պայմանավորված չէ պետական ինստիտուտների գործունեությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դայակ պետության հաշվին» ծրագիրը չի գործում. այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել ծրագրին, քանի որ այն այս տարվա հունվարի 1-ից դադարեցված է: «Ժողովուրդ» օրաթերթին նախարարությունից հայտնեցին նաեւ, որ դադարեցվել է ոչ միայն «Դայակ պետության հաշվին», այլ նաեւ զվաղվածության պետական աջակցության մի շարք ծրագրեր: «Ունենք գործող ծրագրեր, որոնք մեկնարկել են, բայց կոնկրետ թիրախային խմբերի զբաղվածության ապահովմանն են ուղղված:
«Իրավունք» թերթը գրում է.
«ԱԺ հայտարարությունների ժամին երեկ խորհրդարանում հայտնվեցին ընդդիմադիր երկու խմբակցությունների` «Պատիվ ունեմ»-ի եւ «Հայաստան» դաշինքի պատգամավորները: Սակայն հայտարարություն հնչեցնելու համար գրանցվեցին միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնց արձագանքելու գործն իրենց վրա վերցրին ՔՊ-ական երկու պատգամավոր` Բաբկեն Թունյանն ու Վաղարշակ Հակոբյանը:
Թերեւս նրանք էին օրվա «ծանր հրետանին», որոնք պետք է կիրառվեին ընդդիմության դեմ, բայց արի ու տես, որ ընդդիմադիրների ելույթների կեսից արդեն ՔՊ-ականների արձագանքելու ցանկությունն էլ մարեց: Երկուսն էլ հրաժարվեցին իրենց ելույթներից»:
«Հրապարակ» թերթը գրում է․
«Արդեն 2 օր է՝ խափանվել է «Դատալեքս» տեղեկատվական համակարգը, որը ոչ միայն լրագրողների համար էր ինֆորմացիայի բաց աղբյուր։ Նախկինում էլ էր այս հարթակն աշխատում խափանումներով, սակայն վերջին 2 օրերի ընթացքում կայքը չի բացվում։ Բարձրագույն դատական խորհրդից, որի ենթակայության տակ է դատական տեղեկատվական այս հարթակը, մեզ փոխանցեցին, որ խափանման պատճառը տեխնիկական է։
Համակարգը սպասարկում է «Մեյսիս» ընկերությունը, որի տնօրենն Արմեն Մանուկյանն է։ Նրա հետ մենք մի քանի օր շարունակ փորձեցինք կապ հաստատել, սակայն նա ամեն անգամ պատճառաբանում էր, թե իրեն այդ պահին հարմար չէ, հետո կկապվի մեզ հետ, բայց այդպես էլ նրա հետ խոսել չհաջողվեց։ Հուսանք, որ գոնե մեր ուղարկած գրավոր հարցմանը կպատասխանի։