Որտեղ կհանգրվանի Լևոն Քոչարյանը, Խանգարողը «Ազատ հայրենիքն» է. Մամուլը՝ սուրճով

Որտեղ կհանգրվանի Լևոն Քոչարյանը, Խանգարողը «Ազատ հայրենիքն» է. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նոյեմբերից պատգամավորի մանդատ ստացած Լեւոն Քոչարյանը կընդգրկվի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Մինչ այժմ նա որեւէ հանձնաժողովում ընդգրկված չէր, չնայած օրենքը պահանջում է, որ բոլոր պատգամավորներն անդամակցեն որեւէ մշտական հանձնաժողովի։ Բանն այն է, որ Լ․ Քոչարյանը փոխարինում է Արմեն Չարչյանին, ով առողջապահության հանձնաժողովի անդամ էր: Բնական է, որ այդ հանձնաժողովը նրան հարմար չէր:

Մենք տեղեկացանք, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ընդգրկված Ասպրամ Կրպեյանն է իր տեղը զիջել Լեւոնին` տեղափոխվելով առողջապահության հանձնաժողով։

Հիշեցնենք․ այս հանձնաժողովում «Հայաստան» դաշինքից ընդգրկված են նաեւ Արմեն Ռուստամյանը եւ Քրիստինե Վարդանյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ նախորդ շաբաթվա տարեվերջյան ասուլիսի մի դրվագ այնքան էլ իր վրա ուշադրություն չսեւեռեց, մինչդեռ այս դրվագը լավագույնս ապացուցում է, որ Ավանեսյանը ձախողել է իր ղեկավարած ոլորտի կառավարումը։

Հայաստանում այս պահին չկա Քովիդի դեմ պատվաստանյութ․ նախարարությունը մրցույթներ է հայտարարել, որոնք չեն կայացել։ «Մի քանի շրջափուլով մասնակից չի եղել, պատվաստանյութի առաջարկ չի եղել, այս վերջին մրցույթի արդյունքով, կարծես թե, ունենք մասնակից, եւ շուտով կկնքվի պայմանագիր, ու Քովիդի դեմ պատվաստանյութը եւս հասանելի կլինի Հայաստանում», – ասել էր Ավանեսյանը։

Նախարարը ոչ թե հաստատակամորեն է խոսում պատվաստանյութերի մասին, այլ շեշտում՝ «կարծես թե»։ Իսկ «կարծես թե»-ն նշանակում է՝ միգուցե այս մրցույթն էլ ձախողվի։ Եւ ի՞նչ պետք է անեն քաղաքացիները․ կարծես թե ոչինչ․ սպասելու են։ Մինչդեռ, Առողջապահության նախարարության գլխավոր գործառույթներից մեկը պետք է լիներ հենց այս հարցերի կարգավորումն ու օր առաջ երկրում պատվաստանյութերի ապահովումը։ Սա կարելի է որակել նախարար Ավանեսյանի հերթական ձախողումներից մեկը, մի նախարարի, որը, ի դեպ, շատ ակտիվ է պատվաստանյութերի թեմայով տարատեսակ համաժողովների մասնակցելու համար գործուղումների մեկնելու հարցում։ Երկիրը պատվաստանյութով ապահովելու հարցը, սակայն, դեռ լուծված չէ։

Չնայած այս ամենին՝ Անահիտ Ավանեսյանն այսքանից հետո էլ կշարունակի պաշտոնավարել, քանի որ Նիկոլ Փաշինյանը գնահատում է նախարարի ոչ թե մասնագիտական ունակություններն ու գործը, այլ իրեն նվիրվածությունը, իրեն չհակառակվելը։ Թերեւս պետք է որ Մարտունու բժշկական կենտրոնի հետ կապված հարցում վարչապետին ըստ էության խաբելուց հետո նա պաշտոնանկ արված լիներ, մինչդեռ հակառակին ենք ականատես լինում»։

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին ակտիվ քննարկման թեմա են դարձել Օղակաձև զբոսայգու, մասնավորաբար 4-րդ հատվածի հետագայի վերաբերյալ խոսակցությունները: Կարծիքները տարբեր են, ընդուպ՝ ծայրահեղ տարաբևեռ: Թեմայի հետ կապված՝ «Փաստին» նոր մարամասներ են հայտնի դարձել:

Ի մասնավորի, մեր աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն, պարզ է դարձել, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի վերաբերյալ կա որոշակի չբացահայտված նախապատմություն: Ըստ այդմ, թենիսի կորտերը վարձակալական հիմունքներով տրվել են մի ընկերության, որի սեփականատերը փաստացի հանդիսացել է նախկինում Երևանի քաղաքապետարանում պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձանցից մեկը: Արդյունքում, նշված հատվածի վարձակալությունը իրականացվել է տվյալ տարածքի համար շուկայականից անհամեմատ ցածր գնով:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, շուրջ 1 հա տարածքի համար ընկերությունը վճարում է մոտ 500 հազար ՀՀ դրամ: Ավելին, ըստ նույն աղբյուրների, նախկին պաշտոնյայից ստվերային գործարքի արդյունքում վերցվել է տվյալ տարածքը և փաստացի այս պահին շահագործվում է այլ կազմակերպության կողմից: Այսպիսով, ստացվում է, որ չնչին գումարներ համայնքին վճարելով՝ տնտեսվարողը գերշահույթ է ապահովել՝ Երևան համայնքին պատճառելով միլիոնավոր դրամների վնաս:

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած տարեվերջին Արցախի ԱԺ-ն գաղտնիության ռեժիմում հրավիրված նիստում Արցախի հարցով միջազգային հանձնախումբ ձեւավորելու որոշում էր ընդունել, սակայն այդ մասին պաշտոնապես չէին հայտարարել, քանի որ որոշակի հարցեր պետք է ճշգրտեին, մասնավորապես, թե ինչ լիազորություններ պետք է ունենա հանձնախումբը, ովքեր պետք է ընդգրկվեն հանձնախմբում, ում պետք է հաշվետվություն ներկայացնեն եւ այլն։

Մեր տեղեկություններով՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, որը մեծամասնություն է կազմում Արցախի խորհրդարանում, փորձում է տորպեդահարել գործընթացը եւ առարկություններ ներկայացնել որոշ հարցերում՝ խոչընդոտելով հանձնախմբի կազմավորման գործընթացը: Ասենք` դեմ են, որ հանձնախումբն ԱԺ-ի լիազորությունն ունենա, ոմանք էլ առարկություններ են հայտնել որոշ փորձագետների անձի հետ կապված։

Խորհրդարանում կասկածներ ունեն, որ մեծամասնության պատգամավորները ՀՀ իշխանությունների ճնշումների ներքո են խոչընդոտում հանձնախմբի ձեւավորմանը՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի հրահանգը, ով չի ցանկանում Արցախի հետ կապված որեւէ բանի մասին լսել, անգամ չի ցանկանում, որ «Արցախ» բառն արտաբերվի»: