Ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու համար․ Փաշինյան
Հումանիտար դրությունը ԼՂ-ում շարունակում է սրվել, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը շարունակվում է։ Այդ մասին այսօր Կառավարության հերթական նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը չի հարգում Հաագայի դատարանի որոշումը, ըստ որի՝ պետք է միջանցքը բացվի։
«Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ։ Ավելին, արգելվել է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Հաագայի դատարանի որոշումը չկատարելը միջազգային օրակարգի հիմնահարց է։
«ԼՂ բնակչությունը զրկված է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներից, դադարեցված են սննդի արտաքին մատակարարումները, դեղորայքի դեֆիցիտ է արձանագրված։ Ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու համար։ Սա է էթնիկ զտման քաղաքականությունը»,- նշեց նա։
Փաշինյանւ ներկայացրեց նաև լուծումները, որոնցից առաջինը Հաագայի դատարանի որոշման կատարումն է, ինչը միջազգային օրակարգի հարց է։
«Պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը։ Ինչ վերաբերում է Հայատսան-Ադրբեջան հարաբերություններին, ապա մեր դիրքորոշումը մնում է նույնը»,- նկատեց նա։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ, և արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն կա այդ նիստի առնչությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։