Միջնորդել են, որ Անահիտ Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանը հարցաքննվեն

Քովիդի գործով շուրջ 2 ամիս կալանավորված Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն այսօր ազատ արձակվեց, քանի որ կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմը Վերաքննիչ դատարանը համարել է չհաղթահարված։
Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանն էր Վերաքննիչ դատարան բողոք ներկայացրել՝ խափանման միջոց կալանավորումը վերացնելու հիմքով: Դատարանը բավարել է բողոքը։
Խաչատրյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Երեւանի փոխքաղաքապետի փաստաբանական խումբը ավելի վաղ միջնորդել էր, որ այս գործով հարցաքննության կանչվեն նաեւ առողջապահության նախկին եւ ներկա նախարարներ՝ պատգամավոր Արսեն Թորոսյանն եւ Անահիտ Ավանեսյանը։
«Քննիչը մեզ չի ասում, թե պաշտոնյաներից ով է հարցաքննվել։ Ինչ վերաբերում է Սիմոնյանի ազատությանը՝ մենք ի սկզբանե ասում էինք, որ Գեւորգ Սիմոնյանը կապ չունի կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործի հետ, բայց Առաջին ատյանի դատարանը ականջալուր չեղավ։ Ամեն դեպքում, այս փուլում վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ մեր ներկայացրած փաստաթղթերով հիմնավոր կասկածը չի հիմնավորվում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Սիմոնյանը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ մեղադրանքի՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:
Լիա Սարգսյան