Միրզոյանը հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետի հետ

Միրզոյանը հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետի հետ

Կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին տարիներին Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև առանձին ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը: Մասնավորապես, ընդգծվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, զբոսաշրջության ոլորտում ծավալների նշանակալի ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարար կրթության ոլորտներում իրականացված համատեղ աշխատանքները:   

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են տնտեսության  և առևտրի ոլորտներում համագործակցության զարգացման կոնկրետ հնարավորություններ՝ որպես առաջնային պրակտիկ միջոց կարևորելով երկու երկրներում գործող ընկերությունների համար յուրովի «ճանապարհային քարտեզի» ուրվագծումը: 

Հայաստանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև ԵՄ հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Ընդգծվել է ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ճանապարհին բարեփոխումների իրականացման լավագույն փորձի փոխանակումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: