Ինձ համար կարևոր է ծառայել հայրենիքին՝ ցանկացած կարգավիճակում․ Նազելի Բաղդասարյան

Ինձ համար կարևոր է ծառայել հայրենիքին՝ ցանկացած կարգավիճակում․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր օգնականը Նազելի Բաղդասարյանն է, որը վերջերս էր հրաժեշտ տվել Շիրակի մարզպետի պաշտոնին։ 

Կառավարությունում նոր փոփոխությունները, ամեն դեպքում, անկանխատեսելի չէին, սակայն հետաքրքիր է, որ Բաղդասարյանը համաձայնել է աշխատել՝ փաստացի պաշտոնի իջեցմամբ։

MediaHub-ի հետ զրույցում Բաղդասարյանը նշեց, որ կարևորը հայրենիքին ծառայելն է։

«Եթե հայրենիքին ծառայելը որոշվում է պաշտոններով, ապա սա շատ վատ է։ Ինձ համար կարևոր է ծառայել հայրենիքին՝ ցանկացած կարգավիճակում, իսկ վարչապետի վստահությունը՝ ավելի պարտավորեցնող»,-ասաց նա։

Բաղդասարյանը շեշտեց՝ առաջնորդվելու է միայն գործով։ 

Նշենք, որ Նազելի Բաղդասարյանը մարզպետի պաշտոնում պաշտոնավարեց մեկ տարի, նա այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի նոյեմբերին: Իսկ դրանից մեկ ամիս առաջ վայր էր դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը: Ըստ այդմ, այո՛՝ խոսքը պաշտոնի ակնհայտ իջեցման մասին է:

Ըստ մամուլի՝ Բաղդասարյանի պաշտոնին հրաժեշտ տալու պատճառ է հանդիսացել այն, որ դեռ դեկտեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վարույթ էր հարուցվել, իր հետ փոխկապակցված անձին պաշտոնի նշանակելու հետ կապված։ Մամուլը գրել էր, որ խոսքն իր եղբոր մասին է: 

Հիշեցնենք նաև, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝  նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ այսօր նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։

Լիաննա Թորոսյան