Զախարովան Երևանից փաստեր է պահանջել ԼՂ-ում էթնիկ զտումների վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է մի շարք հայ գործիչների հայտարարություններն այն մասին, որ ռուս խաղաղապահները 2023 թվականի սեպտեմբերին չեն պաշտպանել խաղաղ բնակիչներին Լեռնային Ղարաբաղում և թույլ են տվել բնակչության էթնիկ զտումներ։
«Մենք շատ վստահելի, լավ և սերտ երկխոսություն ենք հաստատել Հայաստանի արտգործնախարարության մեր գործընկերների հետ, բազմիցս փոխանցել ենք Ռուսաստանի դիրքորոշումն այս հայտարարությունների վերաբերյալ և ասել, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և, իհարկե, ոչնչի չեն նպաստում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը, բայց, ցավոք, տեսնում ենք, որ դա ձեռնտու է ինչ-որ մեկին, չգիտեմ՝ Հայաստանո՞ւմ, թե՞ դրսում, դժվար է ասել։
Մենք կարծում ենք, որ դրանք փաստերը կեղծելու փորձեր են՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ ԼՂ խաղաղ բնակչության զանգվածային մահ կամ քաղաքացիական օբյեկտների էական վնաս չի եղել։
Ոչ ոք իրավունք չունի վիրավորել խաղաղապահներին, իսկ վիրավորողներին պատասխան կտանք:
Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներին, կցանկանայի, որ դրա վերաբերյալ ներկայացվեր որևէ փաստ, որևէ փաստաթուղթ, կամ հայտարարություն միջազգային որևէ կազմակերպությունից, որը Երևանում հեղինակավոր է համարվում, օրինակ՝ ՄԱԿ-ը կամ մեկ այլ կազմակերպություն։
Մենք նշել ենք Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պատշաճ ապահովման անհրաժեշտությունը։ Ոչ միայն իրավունքների, այլև, ամենակարևորը, անվտանգության ապահովումը։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով»,- նշել է Զախարովան։