Զերծ կմնամ ՀՀ զինված ուժերի գործողությունները հրապարակային վերլուծելուց․ Դավիթ Տոնոյան

Զերծ կմնամ ՀՀ զինված ուժերի գործողությունները հրապարակային վերլուծելուց․ Դավիթ Տոնոյան

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակվեց ՀՀ-ի սահմանների ուղղությամբ։ Պաշտոնական Երևանը հնարավորինս զուսպ է ու գաղտնի պահում սահմանին կատարվողը։

ՀՀ Զինված ուժերի, զինվորականների գործողությունների և իրենց առաջ դրված խնդիրների պատշաճ կատարման մասին MediaHub.am-ը հարցեր ուղղեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։ Վերջինս մեր հարցերի մեծ մասն անպատասխան թողեց՝ առաջ բերելով իր կարգավիճակը.

«Հաշվի առնելով իմ կարգավիճակը, դրանից բխող տեղեկատվություն ստանալու սահմանափակումները և արտաքին աշխարհի հետ իմ միակ կապը հանդիսացող փաստաբանների հետ ունեցած հանդիպումների ընթացքում մասնագիտական տեղեկություններ ստանալու անհնարինությունը ՝ զերծ կմնամ ՀՀ զինված ուժերի գործողությունները, ՀՀ անվտանգության խորհրդի՝ ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումից բխող որոշումները հրապարակային վերլուծելուց», -պատասխանեց նա։

Նա ափսոսանք հայտնեց, որ չի կարող ծառայել ՀՀ-ին այս պահին.

«Ավաղ իմ փորձն ու գիտելիքները իմ կյանքի այս փուլում որևէ կերպ չեմ կարողանում ծառայեցնել ի շահ իմ Հայրենիքի»,- հավելեց Դավիթ Տոնոյանը:

Նշենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այս պահին կալանքի տակ է։ Նախորդ տարի Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, բավարարել էր ԱԱԾ միջնորդությունը։

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018-2020 թթ.: Նա պաշտոնից հեռացվել էր 44-օրյա պատերազմից մի քանի օր հետո:

Լիաննա Թորոսյան