Հրաչ Սարգսյանի եւ Ավինյանի ջրերը մի առվով չեն գնում․ հնարավոր են արտահերթ ընտրություններ
«Հրապարակ» թերթը գրում է․
Իշխող թիմում չեն բացառում, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, հակառակ դեպքում ժամանակից շուտ խաղաքարտերը չէին բացի, ինչպես արեցին օրերս` Վահագն Ալեքսանյանի բերանով հայտարարելով, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետի ՔՊ թեկնածուն է եւ առաջիկայում փոխքաղաքապետ է նշանակվելու, ինչպես մենք գրել էինք շաբաթներ առաջ։ Բացի այդ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դե յուրե եւ դե ֆակտո քաղաքապետների` Հրաչ Սարգսյանի եւ Տիգրան Ավինյանի ջրերն արդեն մի առվով չեն գնում` տարաձայնություններն այնքան շատ են, որ չնայած թաղապետերի թեկնածուները որոշված էին շատ առաջ, սակայն հիմա նոր-նոր են նշանակվում` Ավինյանի ձեռամբ։
Սարգսյանին թվացել էր, թե մեկ տարի կարող է լիարժեք վայելել պաշտոնը, քանի որ քաղաքապետի ընտրվելուց հետո 1 տարի չեն կարող անվստահություն հայտնել, սակայն նրան հասկացրել են, որ «Երեւանի վարչական բաժանման մասին» օրենքում փոփոխություն անելը 1 օրվա հարց է։ Ժամանակին քննարկում էին Փարաքարը Երեւանին միացնելով Մարությանից ազատվելու, հիմա՝ Ջրվեժը Երեւանին միացնելու խոշորացման նախագծով արտահերթ ընտրություն անելու եւ Հրաչ Սարգսյանից ազատվելու տարբերակը։ Վարչական նոր բաժանման դեպքում համայնքում նոր ընտրություններ են անցկացվում։ Երեւանի ավագանու հերթական ընտրությունը 2023 թվականին է։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։