Սովորական արկածախնդրություն 

Սովորական արկածախնդրություն 

«ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը»,- այս մասին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Իրականում, Փաշինյանը թյուր պատկերացումներ ունի միջազգային հարաբերությունների մասին, որոնք վիրտուալ ինչ-որ բան չեն, այլ իրենց հիմքում ունեն կոնկրետ բաղադրիչներ՝ անվտանգային և նյութական շահեր:

Հնարավոր չէ տնտեսական առումով ինտեգրված լինել մի կառույցում, իսկ անվտանգային խնդիրների լուծումը տեսնել այլ համակարգում: Այդպես չի լինում. դա կապ չունի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ, սովորական արկածախնդրություն է, որը կարող է աղետի հանգեցնել:

Հայաստանը հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայից․ Փաշինյանի պիտերյան այցին զուգահեռ ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Կոլոմինան:

Կոլոմինան «օդից» նման հայտարարություն չէր անի:

Հայաստանը որդեգրել է ոչ թե նույնիսկ «երկու աթոռի վրա նստելու», այլ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին մոլորեցնելու քաղաքականություն:

Կրկնում եմ՝ սա կապ չունի արտաքին քաղաքականության, անվտանգային համակարգի, տնտեսության դիվերսիֆիկացիայի հետ, այլ ընդամենն օրակարգի բացակայության հետևանք է, վտանգավոր արկածախնդրություն:

Ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ ծաղրել է Փաշինյանին: «Եթե Հայաստանը ցանկանում է տնտեսապես մահանալ, մենք կարող ենք կորցնել նրան, բայց չեմ կարծում, որ հայերը հիմար են»,- ասել է նա՝ «մեծահոգաբար» տեղեկացնելով, թե Փաշինյանն իրեն ասել էր, թե գալու է Սանկտ Պետերբուրգ:

Վահրամ Բագրատյան