Վիրավոր զինվորների ու հիվանդ երեխաների հարազատները խարդախների թիրախում են հայտնվել

Վիրավոր զինվորների ու հիվանդ երեխաների հարազատները խարդախների թիրախում են հայտնվել

Վիրավոր զինվորների, հիվանդ երեխաների հարազատները խարդախների թիրախում են հայտնվել։ Խարդախները օգտվում են բժշկական օգնության համար գումար հավաքագրելու նպատակով սոցցանցերում տեղադրված հայտարարություններից և բարերարի անվան տակ նրանցից տեղեկություններ ստանում ու գումարներ շորթում։

MediaHub.am-ի հետ զրույցում 44-օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայողներից մեկի քույրը, ով չցանկացավ անվանական ներկայանալ, հայտնեց, որ եղբոր բուժման համար գումար հավաքելու նպատակով հայտարարություն էին տարածել ֆեյսբուքում։

Փակ համարից զանգ է ստանում անծանոթ կնոջից, ով նշում է, որ արտերկրում է ապրում, ցանկանում է օգնության նպատակով գումար փոխանցել և խնդրում է անձնագրի տվյալները տրամադրել։ Անձնագրի տվյալները ստանալուց մեկ ժամ հետո նույն կինը զանգում է և «Ի դրամ»-ի տվյալներ հարցնում, ապա նշում, որ փոխանցման համար կոդ է եկել համարին ու խնդրում է կոդն իրեն հայտնել։ Արդյունքում, օգնության անվան տակ «Ի դրամ» դրամապանակում եղած մի քանի հարյուր հազար դրամ գումարը փոխանցում են բուքմեյքերական ընկերությունների մեկի անհայտ հաշվին։ Սա միակ դեպքը չէ, երբ այս եղանակով խոցելի խավից գումարներ են շորթում։