Երևանում հարևանս տոնածառ է բերել, անձամբ զարդարել, որ երեխաներս ուրախանան (լուսանկարներ)

«Նոր տարին մեր ընտանիքում ամենասիրված տոնն է, որին Արցախի մեր տանը սպասում և պատրաստվում էինք ամենայն բծախնդրությամբ: Այս տարի մի քիչ այլ են տրամադրությունները: Մենք մեր տանը չենք, իմ հայրենակիցները շատ կորուստներ ունեցան, շատ ընկերներ անմահացան, ես՝ իբրև փրկված, չեմ կարող տարին դիմավորել նախորդ տարիների պես»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է արցախցի փրկարար Էրիկ Խաչատրյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես են պատրաստվում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին:
Էրիկն Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության երկարամյա փրկարար է, կանգնած է 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո սկսված որոնողական աշխատանքների առաջնագծում, որն այդ օրերին թվում էր անհավանական, բարդ ու դժվար առաքելություն: Հոգով ու սրտով հայրենիքին կապված երիտասարդը, նույն կերպ նաև իր երեխաներին է դաստիարակում: Վերջիններիս բացատրել է տոնածառ չդնելու, Ձմեռ պապին նամակ չգրելու և տարին պատշաճ չդիմավորելու պատճառները, նրանք էլ հասկացել են հորը:
«Եթե ինչ֊որ բան ակնկալում ենք, կամ հավատում ենք հրաշքների, ապա հաստատ դա Ձմեռ պապը չէ, այլ Աստված: Մենք շատ ենք հեռացել Աստծուց և շատ կցանկանամ, որ 2024-ը հոգևոր միասնության տարի լինի, մեր ժողովուրդն ավելի հավատավոր դառնա, ապաշխարվենք, մաքրվենք, մոտենանք նրան և հատուցումը չի ուշանա»,-ասում է նա:
Փրկարարի առաքելությանը զուգահեռ, Էրիկը Ստեփանակերտում զբաղվում էր նաև ֆուտբոլով: «Լեռնային Արցախ» թիմի դարպասապահն էր: Այժմ շարունակում է աշխատել որպես դարպասապահ-մարզիչ: Ստեփանակերտից բռնի տեղահանվելուց հետո, այժմ էլ հետաքրքրված է ֆուտբոլով և շարունակում է խաղալ իրեն հոգեհարազատ նույն թիմում, որն իր գործունեությունը շարունակում է Երևանում:
Ասում է, որ Երևան տեղափոխվելուց հետո լավ մարդկանց շատ է հանդիպել այստեղ: Օգնել են, հուսադրել, մենակ չեն թողել. «Օրինակ հարևանս, որ իմացել է տոնածառ չենք զարդարելու և կամ Նոր տարի դիմավորելու սիրտ չունենք, տոնածառ է բերել երեխաներիս, իր ձեռքով զարդարել, որ մեծերիս տրամադրությունը չազդի փոքրերի վրա, ու ես շնորհակալ եմ իրեն, հետո մտածեցի, որ այո՛ երեխաները պետք է չզգան մեր հոգու ցավը»:
Խաչատրյանների երիտասարդ ընտանիքը Աստվածահայտնության տոնը նշելու կողմնակից է: Պատրաստվում են Սուրբ Ծննդին: Իսկ այսօր, երբ շատերը վերջին գնումներն են կատարում, Էրիկն իր 2 տղաների հետ պատրաստվում է այցելել Եռաբլուր, «շնորհավորելու» հայրենիքի պաշտպանության համար անմահացած ընկերներին:
«Մեր ժողովուրդը շատ զրկանքներ է տեսել: 2024-ին խաղաղություն եմ մաղթում Հայաստանին ու առանձին-առանձին բոլորիս օջախներին, իսկ արցախցիներին, կարծում եմ բոլորիս երազանքը մեկն է, տուն վերադառնալ»,-հավելեց Էրիկ Խաչատրյանը:
Հունան Թադևոսյան