Արցախի հարցը խեղաթյուրված է ներկայացվում միջազգային հարթակում, ում դրդմամբ է նաև փակվել ճանապարհը․ Ալավերդյան

Արցախի հարցը խեղաթյուրված է ներկայացվում միջազգային հարթակում, ում դրդմամբ է նաև փակվել ճանապարհը․ Ալավերդյան

Միջազգային հանրությունը Արցախի հարցը շարունակում է դիտարկել կոնֆլիկտ երկու պետությունների միջև, որտեղ երկու կողմերը պետք է գտնեն փոխհամաձայնեցված լուծում։

MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ «Այսօրվա իշխանությունները միջազգային հարթակում Արցախի հարցը խեղաթյուրված են ներկայացնում, այն ներկայացնելով այնպես, ինչպես Ադրբեջանն է անում, որը համապատասխանում է հենց  այդ երկրի մոտեցումներին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։ 

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի հետ կապված բոլոր դեպքերում Հայաստանը զարմանալիորեն պասիվություն է ցուցաբերում, Աժ-ում ընդդիմությանն ուղղորդում են բողոքները և պահանջները այլ պետության ներկայացնել։ 

«Այսօրվա իշխանությունները եկել են զուտ նեղ խնդիր լուծելու՝ Արցախն ամբողջովին հանձնել Ադրբեջանին և Հայաստանը դարձնել Թուրքիայի առնվազն գործընկեր երկիր»,-ընդգծեց նա։

Ըստ ՀՀ առաջին ՄԻՊ-ի՝ թեպետ Հայաստանի իշխանությունները այս հարցը գցում են իրենց վրայից, բայց, ամեն դեպքում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստորագրողների կողմերից մեկն էլ Հայաստանն է և միայն Ռուսաստանի վրա պատասխանատվությունը գցելը ճիշտ չէ։ 

«Կարծես դիտարկվում է երկու սուբյեկտ՝ Ռուսաստան և Ադրբեջան։ Ադրբեջանը մեղքը կդնի Հայաստանի և Ռուսաստանի վրա, չի բացառվում, որ հենց Ադրբեջանը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ իր պահանջներով»,- չբացառեց Ալավերդյանը։ Վերջինիս խոսքով՝ ճանապարհի փակումը պատահական չէ և այնպես չէ, որ միայն Ադրբեջանի դրդմամբ է արվել։ 

«Բրիտանյայի համապատասխան հանքօգտագործման կազմակերպությունը վաղուց գնել է Կաշենի և Դրմբոնի հանքերը Ադրբեջանից՝ անօրինական պայմանագիր կնքելով Բաքվի հետ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը, հավելելով, որ միայն Բրիտանիան է, որ Ադրբեջանը ճանաչել է՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Այսպիսով՝ Բրիտանիան կողմ է այդ կոնֆլիկտին՝ պահանջելով, որ թույլ տան կազմակերպությունը մուտք ունենա հանքեր, որը բիզնես շատ խոսուն շահ է, անօրինական գործարք։ 

«Ադրբեջանը չի հրաժարվելու իր հիմք չունեցող նկրտումներից Արցախի նկատմամբ, և եթե անգամ ժամանակավոր բացվի ճանապարհը, ապա դա կբացվի մեկ նպատակով, որ հնարավորինս շատ մարդ արդեն վախեցած, խուճապի մատնված դուրս գա Արցախից՝ ունենալով հեռահար նպատակ՝ հայաթափել Արցախը հնարավոինս ոչ բռնի մեթոդներով»,-ասաց MediaHub-ի զրուցակիցը։

Ըստ Ալավերդյանի՝ Ադրբեջանի կողմից գործողությունները դիտակվում են որպես ցեղասպանություն, որը տեղի է ունենում համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, որտեղ ամրագրված է՝ եթե որևէ մի պետություն կամ խումբ ստեղծում է այնպիսի պայմաններ մեկ այլ մարդկային խմբի համար, որոնք դարձնում են անհնարին կամ վտանգավոր այդ տեղում մարդկանց ապրելը, դա կոչվում է ցեղասպանություն։ 

«Իրականում այն, ինչ տեղի է ունենում Արցախում, Ադրբեջանի կողմից ցեղասպանական քաղաքականության իրականացումն է»,-ամփոփեց Լարիսա Ալավերդյանը։

Շուշանիկ Միսկարյան