«Կյանքն Աստծուց մարդուն տրված մեծագույն պարգևն է, որը պետք է գնահատել». Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյան (ֆոտոշարք)

«Կյանքն Աստծուց մարդուն տրված մեծագույն պարգևն է, որը պետք է գնահատել». Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյան (ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին:

Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն․Հոգշ․ Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյան․

«Կյանքն Աստծուց մարդուն տրված մեծագույն պարգևն է, որը պետք է գնահատել և իմաստավորել` ամեն մի ակնթարթն անցկացնելով բովանդակությամբ լի: Բայց կյանքը նաև պատասխանատվություն է, ուստի չի կարելի հենց այնպես ապրել, ժամանակը վատնել, անտարբեր և անհաղորդ լինել անհատին, հասարակությանը և ազգին հուզող խնդիրների հանդեպ, անբովանդակությունը դարձնել նույն կյանքի անբաժանելի մասը:

Քրիստոնյայի համար խոտելի և կրավորական է նման կեցվածքն ու պահվածքը: Ուստի ամեն գիշեր՝ քնելուց առաջ, մեզ հարց պետք է տանք՝ ի՞նչ արեցինք այսօր, ինչո՞վ իմաստավորեցինք մեր օրը, այն մեզ ավելի մոտեցրե՞ց Աստծուն, թե՞ հեռացրեց։ Ի վերջո՝ կարևոր չէ մարդու ապրած տարիների քանակը, քանզի կարող ենք ապրել 100 կամ 1000 տարի, բայց առանց Աստծու և անկողոպտելի երջանկության։ Միաժամանակ կարող ենք ապրել մեկ օր, բայց Աստծու հետ։

Միշտ պետք է հիշել, որ մենք չենք ստեղծվել ինչ-որ ժամանակահատվածում պարզապես ապրելու համար, այլ հավիտենականության և Աստծու մշտամնա ներկայության մեջ․ «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք և առավել ևս ունենաք» (Հովհ․ Ժ 10)։

Ընտրությունը կրկին մերն է, իսկ վերջնական խոսքը՝ Աստծունը։ Բոլորս էլ հոգսաշատ և փորձություններով լի օրեր ենք ապրում՝ երբեմն մոռանալով ապրելու և ապրեցնելու մասին։ Մի պահ կա՛նգ առեք և նայե՛ք ձեր շուրջը. ինչքա˜ն լավ մարդիկ կան հենց նույն ձեր շրջապատում, ինչքա˜ն շատ անկեղծ ու բարի սրտեր։

Գնահատե՛ք ձեզ հոգեհարազատ և սիրելի մարդկանց, քանի դեռ նրանք ձեր կողքին են, մի՛ զլացեք նրանց սիրո և ջերմ խոսքեր ասել․․․ Կյանքը շատ կարճ է, բայց քաղցր ու հետաքրքիր, և այն պետք է ապրել արժանավայել և հավիտենական կյանքի անխախտ հույսով»: