Գիտնականները համբույրի անսպասելի վնաս են բացահայտել

Գիտնականները պարզել են, որ զուգընկերների միջև բերանի խոռոչի մանրէների փոխանցումը կարող է մասամբ բացատրել դեպրեսիայի, անհանգստության և քնի խանգարումների ախտանիշների զարգացումը։
Ուսումնասիրությունը հրապարակվել է «Exploratory Research and Hypothesis in Medicine» ամսագրում։
Հեղինակները վերլուծել են 268 զույգերի տվյալներ, որոնք ամուսնացած են եղել առնվազն վեց ամիս։ Մասնակիցները ենթարկվել են հոգեչափական թեստավորման և տրամադրել են թքի ու բերանի խոռոչի միկրոբիոտայի նմուշներ։ Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել այն զույգերին, որոնց ամուսիններից մեկը տառապել է անքնությունից և ցուցաբերել է տագնապային-դեպրեսիվ խանգարման նշաններ։
Պարզվել է, որ վեց ամիս համատեղ կյանքից հետո առողջ զուգընկերների բերանի խոռոչի միկրոֆլորայի կազմը փոխվել է՝ այն նկատելիորեն նմանվելով հիվանդ ամուսնու միկրոբիոմին։ Այս փոփոխություններին ուղեկցել են թքի մեջ կորտիզոլի մակարդակի աճը, քնի որակի վատթարացումն ու դեպրեսիայի և անհանգստության սանդղակների միավորների աճը։
Ամենամեծ փոփոխությունները նկատվել են կանանց մոտ։ Ըստ մասնագետների՝ ազդեցությունը կարող է կապված լինել սերտ ֆիզիկական շփման և զույգերի մոտ միկրոբիոմի փոխանակման առանձնահատկությունների հետ։ Բացահայտվել են մանրէների որոշակի խմբեր (օրինակ՝ Clostridia, Veillonella, Bacillus), որոնք ավելի տարածված են նույն ախտանիշների համալիր ունեցող ամուսինների մոտ։
Դռևս ապացուցված պատճառահետևանքային կապ չկա։ Այնուամենայնիվ, ուսումնասիրության արդյունքները նոր հնարավորություններ են բացում հոգեկան առողջության մեջ միկրոբիոտայի դերի ուսումնասիրման համար և աջակցում են մտերիմ հարաբերություններում ֆիզիոլոգիական համաժամանակեցման գաղափարին։