Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները

Աբրահամ Գենջոյանը դեռ նախորդ տարվա հանձնած խաղողի գումարը չի ստացել: Հույս էլ չունի որ կստանա, թեև պայմանագրով նախատեսված էր, որ մայիսին պետք է գործարանը վճարեր: 120 դրամով 7,5 տոննա խաղողը հանձնել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի» գործարանին: Գրել է Hetq-ը։
«Ամեն անգամ մեզ խաբել են՝ էսօր կտանք, էգուց կտանք: Հավաքվեցինք, գնացինք գործարան, դժգոհեցինք, ոստիկաններ եկան, մեզ համոզեցին, թե գնացեք, սեպտեմբերի վերջ կեսը կվճարեն, մնացածն էլ հոկտեմբերի սկզբին: Թողեցինք, եկանք տուն, բայց գումարները չենք ստացել»,-ասում է Ա. Գենջոյանը:
Աբրահամ Գենջոյանը 8000 քմ խաղողի այգի ունի Արմավիրի մարզի Խանջյան գյուղում, որից 3000 քմ այս տարի անտերության է մատնել: Չի ոռոգել, որևէ ծախս չի արել, որ գոնե ոռոգման ջրի գումար չվճարի: Ասում է՝ խաղողի մշակությունը վնասով են իրականացնում: Մեծ դժվարությամբ են խաղողի մթերման պայմանագրեր կնքում, իսկ ում հետ էլ հաջողվում է պայմանագիր կնքել՝ գումարները տարիներով չեն վճարում:
Այս տարի ևս ստիպված «Հայասի» գործարանին է հաձնել խաղողի բերքը, քանի որ այլ գործարանների հետ պայմանագիր կնքել չի հաջողվում:
Աբրահամ Գենջոյանը պատմեց, որ նախկինում գործարանները միայն գյուղացիների հետ էին գործ ունենում: Վերջին տարիներին հայտնվել են «միջնորդներ», ովքեր կապեր ունեն գործարաններում: Կնքում ենք 50-60 տոննայի պայմանագրեր, գյուղացիներից խաղողը գնում են 80 դրամով ու գործարանին հանձնում՝ 120 դրամով: Այն գյուղացիները, ովքեր պայմանագրեր չունեն, ստիպված համաձայնում են այդ պայմանին՝ վնաս կրելով:
«40-50 հազ. դրամ տալիս ենք խաղողը բեռնատարով գործարան հասցնելու համար, 7 հոգի բանվոր ենք բերում՝ 7000 դրամով, դրան ավելացնում ենք նաև սնունդը: Ստացվում է դաշտում մոտ 1,5 տոննա խաղող արդեն դուրս ենք տալիս, մնացածն էլ հանձնում ենք ու փող չենք ստանում: Լավ, բա ես ինչո՞վ հող ու ջրի վարձ վճարեմ, ոնց ապրեմ: Էլ չեմ ասում, թե մեկ տարվա ընթացքում ինչքան աշխատանք ենք կատարում այգում, ինչքան թունաքիմիկատ ենք առնում»,-ասում է Ա. Գենջոյանը և հավելում, որ Խանջյանում իր նման ևս 30 հոգի կա, ովքեր չեն ստացել նախորդ տարիների խաղողի գումարը:
Ոչ միայն Խանջյանի, այլև մարզի Աղավնատուն, Արագած գյուղերի խաղողագործները սպասում են նախորդ տարվա խաղողի գումարներին: Նրանք ևս հանձնել են «Հայասի» գործարանին ու անհույս սպասում են: Հարկ է նշել, որ առաջին տարին չէ, երբ «Հայասին» խախտում է պայմանագրային պարտավորությունները և գյուղացիներին ժամանակին չի վճարում:
Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ սեպտեմբերի 13-ի դրությամբ 2022թ. մթերած խաղողի դիմաց գործարանների պարտքի չափը կազմում է 223 մլն 400 հազ. դրամ, որից միայն 150 մլն դրամը բաժին է ընկնում «Հայասի գրուպ» ՍՊԸ-ին:
Ու՞մ է պատկանում «Հայասի Գրուպ» ընկերությունը
Ընկերությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2010թ. ապրիլի 16-ին՝ միակ սեփականատեր, այդ ժամանակ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի կողմից: Ընկերության իրավանախորդը եղել է «Գոլդեն Գրեյփ Գրուպ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը նույնպես եղել է Արթուր Բաղդասարյանը:
Այժմ «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատերը «Գավեքս Գրուպ» ՍՊԸ-ն է:
Ուշագրավն այն է, որ «Գավեքս Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. սեպտեմբերին՝ Արթուր Բաղդասարյանի կնոջ՝ Աննա Բաղդասարյանի կողմից: Վերջինս ընկերության միակ փայատերն է եղել մինչև 2010թ. ապրիլի 15-ը: Նույն տարվա ապրիլի 16-ից մինչ օրս ընկերության միակ սեփականատերը Արթուր Բաղդասարյանն է:
Այսինքն՝ փաստացի «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատերը նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արթուր Բաղդասարյանն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։