Գիտնականներին ստիպո՞ւմ են լքել շենքը. ՊԳԿԿ-ի թնջուկը չի կարգավորվում

Գիտնականներին ստիպո՞ւմ են լքել շենքը. ՊԳԿԿ-ի թնջուկը չի կարգավորվում

Նախորդ տարվա նոյեմբերի երկրորդ կեսին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Պետական գույքի կառավարման կոմիտեից նամակ էր ստացել, որով ինստիտուտին առաջարկվում էր Չարենցի 15 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքը տրամադրել Հաշվեքննիչ պալատին ու տեղափոխվել Ներսիսյան 25՝ տեղավորվելով ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հետ նույն շենքում։

Ներսիսյան 25 հասցեի շենքը «իրար մեջ կիսելուն» երկու կողմն էլ դեմ էր՝ մեկնաբանելով, որ արդյունքում գիտությունն է տուժելու։ Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Գեղամ Ասատրյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ նման առաջարկությունը բյուջեում խնայողություն անելու և պետական մարմիններին պետական տարածքներով ապահովելու համար է:

«Այս դեպքում խոսքը Հաշվեքննիչ պալատի մասին է, որն ունի մասնավորից վարձակալած տարածք՝ տարեկան շուրջ 40 մլն հասնող, և որը մենք փորձում ենք խնայել, վերջինիս առաջարկելով պետական տարածք: Շենքը վաճառելու կամ օտարելու մասին խոսք չկա»,-ասաց նա։

ՊԳԿԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ նպատակ ունեն պետմարմիններին ապահովել պետտարածքներով։ Երկու օր առաջ ինստիտուտը կրկին գրություն է ստացել, թե Կառավարության որոշման նախագիծն է, որ Չարենց 15 հասցեն առաջարկվում է ամրացնել Հաշվեքննիչ պալատին։ Ստացվում է՝ ՊԳԿԿ-ն ու Կառավարությունը վճռական են։ Եվ հարցը, թե ի՞նչն է այսքան վճռական լինելու պատճառը և ինչպե՞ս պետք կոմիտեն գործի, եթե ինստիտուտի աշխատակիցները չհամաձայնվեն հեռանալ տարածքից՝ Գեղամ Ասատրյանն անպատասխան թողեց։

MediaHub.am-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանից, սակայն վերջինս ուղղորդեց՝ Գեղամ Ասատրյանին դիմել։ Վերջինիս պնդմամբ էլ՝ նման սցենարների մասին վաղ է խոսելը։

«Ավելին՝ անիմաստ է, որովհետև գոյություն ունի առաջարկություն և այս ամենը դեռ միայն ներքին քննարկումների փուլում են և վստահ եմ, որ կողմերը կոնսենսուսի կգան»,- հավաստիացրեց նա։
Հաշվի առնելով, թե պետությունն ինչպես է վերաբերում գիտությանը, կարելի է ենթադրել, թե ի՛նչ ավարտ կունենա այս պատմությունը:

Լիաննա Թորոսյան