Դավիթ Տոնոյանի և բարձրաստիճան զինվորականների գործով դատը՝ վաղը. ի՞նչ է ակնկալում փաստաբանը

Դավիթ Տոնոյանի և բարձրաստիճան զինվորականների գործով դատը՝ վաղը. ի՞նչ է ակնկալում փաստաբանը

Հակակոռուպցիոն դատարանում վաղը տեղի կունենա առանձնապես խոշոր չափերի յուրացման համար մեղադրվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ բարձրաստիճան մյուս նախկին զինվորականների՝ «անպիտան հրթիռների» գործով դատական նիստը։ 

Ռազմական գաղտնիք չհրապարակելու պատճառաբանությամբ դռնփակ նիստին ներկա կլինեն գործով անցնող բոլոր 7 մեղադրյալները՝ Դավիթ Տոնոյանը, բանակին հրթիռներ մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), պաշտոնական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը, ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ 

Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերին մոտ 4 մլն 700 հազար ԱՄՆ դոլարի ժամկետանց, անորակ, նպատակային օգտագործման համար անպիտան հրթիռների գնումն է քրեական գործի հարուցման հիմք հանդիսացել։ Ուշագրավ է, որ մեղադրվող 7 նախկին բարձրաստիճան զինվորականներից միայն մի քանիսն են այս պահին կալանքի տակ։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք նախարար նշանակված ու պատերազմից մի քանի օր անց պաշտոնից հեռացած Դավիթ Տոնոյանը ավելի քան 13 ամիս է կալանքի տակ է։ Դատարանը չբավարարեց գրավի դիմաց Տոնոյանին ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը, այնինչ մյուս մեղադրյալների դեպքում կա՛մ փոխվել է խափանման միջոցը, օրինակ Դավիթ Գալստյանինը, կա՛մ էլ կալանավորման միջնորդություն չի ներկայացվել։ 

«Անպիտան հրթիռների» գործով 11 ամիս առաջ սկսված դատավարության դեռեւս գրավոր ապացույցների հետազոտման փուլն է։ 

Պաշտպանության նախկին նախարարի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ հետազոտում են մեղադրող կողմի ապացույցները, մնացել է մեղադրական եզրակացության մեկ գրավոր ապացույց։ 

«Դա վերջացնելուց հետո, ենթադրում եմ, որ պաշտպանության կողմից կլինեն բազմաթիվ գրավոր ապացույցներ, որոնք եւս պետք է հետազոտվեն։ Ըստ ամենայնի, այս փուլում կկայանա եւս մեկ-երկու դատական նիստ»,– MediaHub-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Հետագա դատական նիստերին փաստաբանը պատրաստվում է Տոնոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել։ Պնդում է՝ փաստաթղթերով ապացուցում են, որ հրթիռների ժամկետներն անցած չի եղել։ 

«Ասում են՝ անորակ են եղել, մենք էլ ասում ենք՝ մի քանի հատ կիրառեք, տեսեք՝ անորակ են, թե՝ ոչ։ Փորձաքննություն էր նշանակված, որտեղ բարձրացված էր նաեւ որակի հարցը, բայց փորձաքննությունը մնաց անկատար։ Եթե կիրառվեին, բնականաբար պարզվելու էր, որ դրանք անորակ չեն եղել, արդյունքում այս գործը փլուզվելու էր։ Փորձաքննությունը մնաց անկատար, միայն փաստաթղթերի հիման վրա, ընդ որում՝ ոչ ներպետական, գտան որ ժամկերտներն անցած է, հետեւաբար ձեռք է բերվել անպիտան ապրանք։ Ո՞նց է հիմնավորվում այդ ապրանքի անորակ կամ ժամկետներն անցած լինելը, մեզ համար անհայտ է»,-հավելեց Փաստաբանը։ 

Ենթադրյալ անորակ հրթիռները մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանին գրավի դիմաց ազատ թողնելու դատարանի որոշումը հիմնավորվում է Գալստյանի կողմից՝ ենթադրյալ պատճառված վնասի փոխհատուցմամբ, որն էապես նվազեցնում է նրա կողմից քննությանը խոչընդոտելու հանգամանքը։ Փաշինյանի երբեմնի թիմակից Դավիթ Տոնոյանի այսքան երկար կալանքի տակ գտնվելն ու դատարանի կողմից գրավի դիմաց միջնորդությունը մերժելու իրողության մեջ Հովհաննիսյանը քաղաքական միտում է տեսնում։ 

«Որքանով ես հիշում եմ, որեւէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա մեկ տարի եւ գրեթե 3 ամիս անընդմեջ չի գտնվել անազատության մեջ։ Այս աստիճան խայտառակ գործի պայմաններում, երբ ենթադրյալ պատճառված վնասը արդեն իսկ փոխհատուցված է, անձանց պահում են անազատության մեջ»,-ընդգծեց փաստաբանը։

Լիա Սարգսյան