Արդյո՞ք շարունակելու է գործել դպրոցը, որտեղ փլուզում է տեղի ունեցել

Այսօր փլուզում է տեղի ունեցել Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ հինգ հիմնական դպրոցում։ Ըստ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության՝ առաստաղից փլուզվել է ծեփամածիկի շերտը՝ մոտ 2 քմ, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ տուժածներ չկան:
Տուժածներ չկան, բայց այդ և հարակից դասասենյակներում մի քանի օր դասապրոցես չի իրականացվի։ Այդ մասին MediaHub.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
«Մենք այս պահին ԱԻՆ-ից եզրակացություն չունենք, և ըստ այդմ, դպրոցում կշարունակվեն բոլոր աշխատանքները։ Բայց այդ դասարանում և երրորդ հարկի բոլոր այն սենյակներում, որտեղ աչքի համար տեսանելի վտանգներ կան, խնդրահարույց բան կա դաս չի անցկացվի։ Իսկ փորձագիտական եզրակացությունից հետո երրորդ հարկում արհեստական ծեփաթափում կիրականացվի ու շտապ վերանորոգում կարվի»,- տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
Նշենք, որ այս պահին դպրոցում փորձագիտական աշխատանքներ են իրականացվում։
Նարե Գնունի