Ռուս խաղաղապահներն այս պահի դրությամբ որևէ փամփուշտ չեն կրակել, թեև Արցախում խախտվել է նաև օդային սահմանը․ Անդրանիկ Քոչարյան

Ռուս խաղաղապահներն այս պահի դրությամբ որևէ փամփուշտ չեն կրակել, թեև Արցախում խախտվել է նաև օդային սահմանը․ Անդրանիկ Քոչարյան

Ռուս խաղաղապահներն այս պահի դրությամբ որևէ փամփուշտ չեն կրակել, թեև խախտվել է նաև օդային սահմանը, քանզի կիրառվել են ԱԹՍ–ներ, որի հարվածներից էլ տուժել են հայ զինծառայողները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«ՌԴ խաղաղապահ ուժերը նման դեպքերում պարտավոր են ցույց տալ խաղաղապահ առաքելության մանդատի ուժը, քանզի այն, ինչ տեղի է ունենում Ասկերանում, ռուսական խաղաղապահների տիրույթում է»,- նշել է Քոչարյանը։

ՔՊ-ական պատգամավորւ խոսքով՝ կար լարվածություն և պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հայելային հետ քաշվելու գործընթաց սկսվեր, և դրա զրոյական կետը հենց ՌԴ զինված ուժերի կայանած դիրքերը պետք է լինեին, ինչը և արվել է։

«Եվ հիմա, երբ մենք պարտավորությունները, ըստ պայմանավորվածության, կատարում ենք, ադրբեջանական ուժերը կարողանում են հայտնվել ՌԴ խաղաղապահ դիրքերի թիկունքում և Արցախի Հանրապետության գյուղերից մեկի մատույցներում։ Եվ այդտեղ արդեն խնդիր է առաջանում ազգաբնակչության անվտանգության հետ։

Սա փաստորեն շարունակությունն է լարվածություն ստեղծելու տրամաբանության, որը պետք է կանխվի նաև ուժային միջամտության միջոցով, իսկ ուժային միջամտության իրավասություն այս պահին նաև ունեն ՌԴ խաղաղապահ ուժերը ․․․ նման դեպքերում խաղաղապահ ուժերը պարտավոր են ցույց տալ խաղաղապահ առաքելության մանդատի ուժը»,– ասել է պատգամավորը։

Արդյոք դա նշանակում է, որ հայկական կողմը պատասխանատու չէ այդ հատվածի համար, Անդրանիկ Քոչարյանը բացասական պատասխան է տվել․ «Ոչ, որովհետև մենք ունենք Պաշտպանության բանակ, և այս պահին Պաշտպանության բանակն է, ըստ էության, ռազմական միջամտության միջոցով փորձում կանխել ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը»։