«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բուժքրոջից առգրավել են բջջային հեռախոսներ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բուժքրոջից առգրավել են բջջային հեռախոսներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Կ. Ա.-ին հիմնարկի բնակելի գոտուց հրավիրել են խուզարկությունների սենյակ զննություն իրականացնելու նպատակով:

Նախ՝ Կ. Ա.-ին առաջարկվել է ինքնակամ հանձնել իր մոտ առկա 2 բջջային հեռախոսները, որոնք, ըստ ստացված տեղեկությունների, պետք է անցկացներ բնակելի գոտի՝ դատապարտյալներից մեկին փոխանցելու համար, սակայն Կ.Ա.-ն հայտնել է, որ իր մոտ առկա չեն արգելված իրեր, այնուհետ՝ քրեակատարողական ծառայողների բացատրական աշխատանքներից հետո ինքնակամ հանձնել է իր մոտ եղած 1 բջջային հեռախոսը։

Բուժքույրը տեղեկացրել է նաև, որ երկրորդ հեռախոսն արդեն հիմնարկում է և գտնվում է իր աշխատասենյակում: Ծառայողները Կ.Ա.-ին ուղեկցել են աշխատասենյակ, որտեղ վերջինս նրանց է հանձնել երկրորդ բջջային հեռախոսը: Նա նաև բանավոր հայտարարել է, որ նշված արգելված իրերը պետք է փոխանցեր հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Գ. Բ.-ին:

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: