Որ հացն է ավելի օգտակար՝ սևը, թե սպիտակը

Որ հացն է ավելի օգտակար՝ սևը, թե սպիտակը

Սև հացը, որպես կանոն, համարվում է շատ օգտակար մթերք, ուստի հաճախ մասնագետները հորդորում են սպիտակ հացը փոխարինել սևով, ինչը կօգնի ստանալ ավելի շատ սննդարար տարրեր ու խուսափել քաշի ավելացումից, սակայն իրականում լինում են դեպքեր, երբ սպիտակ հացն օրգանիզմի համար շատ ավելի օգտակար է լինում:

Կենսաբանները սև հացի օգտակարության և սպիտակ հացի վնասակարության միանշանակ վկայություններ չեն գտել՝ հայտնաբերելով մարդկանց օրգանիզմի արձագանքի զգալի տարբերություններ երկու մթերքների օգտագործմանը: Այս մասին հայտնում է Cell Metabolism ամսագիրը: 

Մասնագետների պնդմամբ՝ իրականում սև հացի ու սպիտակ հացի միջև կան չնչին տարբերություններ: Դրանք շատ քիչ են տարբերվում բաղադրությամբ, ածխաջրերի պարունակությամբ ու ընդհանուր կալորիականությամբ և հիմնական տարբերությունը հումքն է: Սև հացի պատրաստման համար օգտագործվում է աշորայի ալյուր, ինչի շնորհիվ հացը մի փոքր թթու համ է ստանում: Սա կարող է բացասաբար անդրադառնալ գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսային հիվանդությունով հիվանդների օրգանիզմի վրա: Այս հիվանդությունը ենթադրում է ստամոքսահյութի արտանետում կերակրափող, իսկ սև հացի գործածության դեպքում հիվանդությունը կարող է սրվել:

Բացի այդ, փորձագետներն ընդգծում են, որ գլյուտեն չպարունակող հացը նույնպես այնքան օգտակար չէ, որքան ընդունված է համարել: Մասնագետների խոսքով՝ նման հացի գործածությունն անիմաստ կլինի, եթե մարդը չի տառապում ցելիակիայով։

«Մարդիկ կարող են լիովին տաբեր կերպ արձագանքել նույն սննդին: ՄԻնչև հիմա մթերքների դիետիկ արժեքը նույնն էր համարվում բոլոր մարդկանց համար: Փորձը ցույց է տալիս, որ այդ մոտեցման հիման վրա դիետաները միշտ տապալվւմ են»,- հայտարարել է Էրան Էլինավն Իսրայելի Վեյցմանի ինստիտուտից: Վերջին տարիներին ԶԼմ-ներում տեղեկություններ են տարածվում, որ սպիտակ հացը վնասակար է առողջության համար, իսկ սևը՝ օգտակար: Էլինավը և նրա գործընկերները որոշել են դա ստուգել 20 կամավորների մասնակցությամբ, որոնց կեսը 2 շաբաթ սնվել է գործնականում միայն սև հացով, մյուսները՝ սպիտակ: Երկու դեպքում էլ կալորիաների մոտ քառորդ մասը հացն էր կազմում, մյուս մասը՝ սովորական մթերքները: Մեկ ամիս անց խմբերը տեղերով փոխվել են և սկսել են մյուս տեսակի հացից ուտել: Այդ ընթացքում գիտնականները հետևել են կամավորների արյան մեջ գլյուկոզայի, միկրոտարրերի և սպիտակուցների քանակին, նաև նրանց քաշի, ճնշման և այլ ֆիզիոլոգիական բնութագրերի փոփոխություններին:

Ուսումնասիրան արդյունքում պարզվել է, որ սպիտակ և սև հացերը մոտավորապես նույն կերպ են ազդել օրգանիզմի աշխատանքի վրա և գրեթե չեն փոխել կամավորների օրգանիզմի նյութափոխանակությունը: Կենսաբանները համեմատել են, թե տարբեր կամավորների օրգանիզմն ինչպես է արձագանքել սպիտակ և սև հացերին: Որոշ կամավորների համար ավելի օգտակար է եղել սպիտակ հացը, մյուսների համար՝ սևը: Հետաքրքիր է որ ոչ մի, ոչ մյուս տեսակի հացերի օգտագործումը չի փոխել միկրոֆլորան, ինչը նախկինում կապում էին մարդու առողջության վրա սև հացի դրական ազդեցության հետ: Թե ինչու է այդպես՝ գիտնականները դեռ չգիտեն, բայց ենթադրում են, որ դա կապված է օսլայի, գլյուկոզայի և այլ ածխաջրերի վերամշակման համար պատասխանատու միկրոֆլորայի միկրոբների գործելու տարբերությունների հետ: